1. Սահմանումներ
1.1. Ընդհանուր կանոններ` սույն փաստաթուղթը,
1.2. Օպերատոր` «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն, որը հիմնադրվել է օրինական կարգով և ունի Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիա,
1.3. Հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված նույնականացման քարտ,
1.4. Ծառայություն՝ «Մոբայլ ԱյԴի» բջջային խիստ նույնականացում (այսուհետ՝ բջջային խիստ նույնականացում) և/կամ էլեկտրոնային թվային ստորագրության ծառայություն,
1.5. PIN-կոդ՝ վեցանիշ կոդ, որը գեներացնում է հաճախորդը՝ ծառայությունն ակտիվացնելիս,
1.6. mSIM՝ նոր սերնդի քարտ, որը պարունակում է մատուցվող ծառայության ծրագրային բանալիներ,
1.7. Հայտ՝ Օպերատորի սահմանված ձևի փաստաթուղթ, որը հավաստում է Հաճախորդի՝ Ծառայությունից օգտվելու ազատ կամքը,
1.8. Էլեկտրոնային թվային ստորագրություն՝ եզակի էլեկտրոնային հավաստագրեր, որոնք օգտագործվում են ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից և աղավաղումներից պաշտպանելու համար,
1.9. Էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային եղանակով գրանցված տեղեկություն կամ հաղորդագրություն՝ վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Ընդհանուր կանոնները սահմանում են Օպերատորի կողմից մատուցվող բջջային խիստ նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության բնութագիրը, այն ակտիվացնելու, օգտագործելու, կասեցնելու, դադարեցնելու և դրանց հետ կապված այլ գործողություններ կատարելու՝ Հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները:
2.2. Հաճախորդը Ծառայությունից կարող է օգտվել կամ միայն նույնականացման համար, կամ՝ նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության համար:
2.3. Ծառայությունից կարող են օգտվել միայն այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ:
2.4. Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից կարող են օգտվել միայն այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ և նախապես վճարել են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կողմից գանձվող 3000 ՀՀ դրամ վճարը:
2.5. Ծառայությունից օգտվելու համար Հաճախորդը պետք է ունենա ցանկացած բջջային հեռախոս /առանց հատուկ տեխնիկական պահանջների/:
2.6. Ծառայությունից օգտվելու հայտ ներկայացնելով՝ Հաճախորդն ընդունում է սույն կանոններն ամբողջությամբ և անվերապահ:
2.7. Ծառայությունը հնարավորություն է տալիս Հանրապետության պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում, որոնք բջջային խիստ նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայության շրջանակում համագործակցում են Օպերատորի հետ, ապահով կերպով առցանց եղանակով անցնելու անհատի խիստ նույնականացում՝ համապատասխան ծրագրային գործիքների կիրառմամբ, մուտք գործելու տեղեկատվական համակարգեր, նման համակարգերում ներկայացնելու էլեկտրոնային փաստաթղթեր (այդ թվում՝ դիմումներ, հարցումներ, հայտեր և այլն), ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստելու և ստորագրելու նման էլեկտրոնային փաստաթղթերը:
2.8. Հաճախորդը պարտավորվում է ծառայությունից օգտվել անձամբ և չփոխանցել այն այլ անձի, այլապես ծառայության օգտագործման բոլոր ռիսկերը և հետևանքները կկրի Հաճախորդը:
2.9. Հաճախորդը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից գեներացված PIN-կոդերը և չտրամադրել դրանք երրորդ անձանց:
3. Ծառայության մատուցման կարգը
3.1. Ծառայությունն ակտիվացնելու համար Հաճախորդը պետք է անձամբ1 մոտենա Օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն /այսուհետ՝ ՍԿ/՝ իր մոտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ /նույնականացման քարտը կամ անձնագիրը/ և իր բջջային հեռախոսը, որից հետո կատարվում են հետևյալ գործողությունները.
3.1.1. անձը նույնականացվում է,
3.1.2. Հաճախորդին տրամադրվում է ծառայության ակտիվացման հայտի օրինակ, որը ստորագրվում է ձեռքով:
3.1.3. Հաճախորդի ֆիզիկական բջջային քարտը փոխարինվում է mSIM նոր սերնդի քարտով, որի դիմաց գանձվում է 500 ՀՀ դրամ վճար, եթե քարտն արդեն իսկ փոփոխված չէ:
3.1.4. Քարտը տեղադրվում է Հաճախորդի բջջային հեռախոսի մեջ, իսկ վերջինս վերագործարկվում է:
3.1.5. ՍԿ աշխատակիցը համապատասխան ծրագրի օգնությամբ Հաճախորդին նշված համարին ուղարկում է հրահանգ, որով Հաճախորդը գեներացնում է PIN-կոդ՝ իր բջջային հեռախոսահամարով անձը նույնականացնելու համար: PIN-կոդը գեներացնելուց հետո այն ակտիվանում է համակարգում:
3.1.6. Նույնականացման PIN-կոդն ակտիվանալուց հետո Հաճախորդը ևս ստանում է PIN-կոդ գեներացնելու հրահանգ՝ նույնականացման ծառայության և/կամ էլեկտրոնային թվային ստորագրությունն ակտիվացնելու համար, եթե հաճախորդը ցանկանում է օգտվել տվյալ ծառայությունից: Ընդ որում երկու PIN-կոդերը կարող են լինել նույնը կամ տարբեր: PIN-կոդը գեներացնելուց հետո այն ակտիվանում է համակարգում:
3.1.7. Էլեկտրոնային թվային ստորագրությունն ակտիվանում է մեկ տարի ժամկետով, սակայն Հաճախորդը կարող է ընտրել ավտոմատ երկարացման տարբերակը, որն ամեն տարի կերկարացնի ծառայությունը հաջորդ տարվա համար՝ մինչև հինգ տարին լրանալը: Բջջային խիստ նույնականացման ծառայությունն ակտիվանում է տասը տարի ժամկետով:
3.1.8. Բոլոր քայլերը իրականացնելուց հետո Հաճախորդի հեռախոսին ուղարկվում է «Մոբայլ Այդի ծառայությունը ակտիվացված է» հաղորդագրությունը։
3.1.9. Ակտիվացումից հետո Հաճախորդին կտրամադրվի նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության2 հավաստագիր, որը թողարկվում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Հավաստագրման կենտրոն) կողմից:
1 Ծառայությունը չի կարող տրամադրվել լիազորագրով
2 էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրվում է, եթե Հաճախորդը Ընդհանուր կանոնների 3.1.7 կետի համաձայն՝ դիմել է նշված ծառայության ակտիվացման համար:
4. Ծառայության ակտիվացումն ու սպասարկումը
4.1. Ծառայության մատուցման ժամկետն ավարտվելու օրը և դրանից 15 օր առաջ՝ Հաճախորդը ծանուցվում է ծառայության մատուցման ժամկետի ավարտի վերաբերյալ: Ծառայության մատուցման ժամկետը երկարացնելու համար Հաճախորդը պետք է մոտենա ՍԿ և նորից ակտիվացնի ծառայությունը՝ կանոններով սահմանված կարգով:
4.2. Հաճախորդն իրավունք ունի ընտրելու ավտոմատ երկարացման տարբերակը:
5. Ծառայության կասեցումը և դադարեցումը
5.1. Ծառայությունները կասեցվում են հետևյալ դեպքերում.
5.1.1. Հաճախորդի դիմումի հիման վրա,
5.1.2. եթե առկա են բավարար ապացույցներ, որ ծառայության օգտագործումը կարող է վնաս հասցնել Հաճախորդին կամ երրորդ անձանց,
5.1.3. եթե կա հիմնավոր կասկած, որ հեռախոսը կամ PIN-կոդը հասանելի են դարձել երրորդ անձանց,
5.1.4. Ծառայությունից օգտվել են անօրինական հիմքերով,
5.1.5. տեխնիկական պատճառներով՝ բարելավման, սպասարկման աշխատանքներ կատարելիս,
5.1.6. նույնականացման քարտը անվավեր ճանաչվելու կամ նոր նույնականացման քարտ ստանալու դեպքում,
5.1.7. օրենքով նախատեսված այլ դեպքերում:
5.2. Ծառայության կասեցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 90 /իննսուն/ օրացույցային օրը: Եթե նշված ժամկետի ավարտին չեն վերացել այն հանգամանքները, որոնց ուժով ծառայությունը կասեցվել էր, ապա ծառայությունը դադարեցվում է:
5.3. Ծառայության կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացման դեպքում ծառայությունը վերաակտիվացվում է՝ հանգամանքների վերացումը հավաստող համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
5.4. Ծառայությունները դադարում են հետևյալ դեպքերում.
5.4.1. Հաճախորդն ունի չկատարված դրամական պարտավորություններ,
5.4.2. շարժական կապի բաժանորդագրության պայմանագրի լուծումը,
5.4.3. Հաճախորդը փոխել է բջջային օպերատորին,
5.4.4. Հաճախորդի մահվան դեպքում,
5.4.5. Հաճախորդի դիմումի հիման վրա:
5.5. Ծառայության կասեցման կամ դադարեցման դեպքում Հաճախորդը չի վերադարձնում ծառայության ակտիվացման համար տրամադրված նոր սերնդի բջջային քարտը:
6. Գաղտնիություն և անձնական տվյալներ
6.1.1. Օպերատորը և Հաճախորդը պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները գաղտնի և անվտանգ պահելու համար մյուս կողմից ստացված տեղեկություններն ու փաստաթղթերը:
6.1.2. Օպերատորի կողմից Հաճախորդին նույնականացնելու, վերջինիս մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, Օպերատորի տեղեկատվական շտեմարաններ վավեր տվյալներ մուտքագրելու, շտեմարաններում առկա տվյալներն արդիականացնելու և ճշգրտելու, շտեմարաններում առկա տվյալների միջոցով ապանձնավորված վերլուծություններ իրականացնելու, մատուցվող ծառայությունների հետ կապված խարդախության դեպքերը կանխելու/բացահայտելու նպատակով Օպերատորին անհրաժեշտ է մշակել, ներառյալ՝ հավաքել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, կազմակերպել, պահպանել, օգտագործել, վերափոխել, վերականգնել, փոխանցել, ուղղել կամ այլ կերպ մշակել Հաճախորդի անձնական տվյալները /այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց/:
6.1.3. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը սույն ծանուցման հիման վրա անձնական տվյալների սուբյեկտի՝ Հաճախորդի գրավոր համաձայնությունն է:
6.1.4. Մշակման ենթակա անձնական տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, սեռը, անձնագրային տվյալները (ներառյալ՝ անձը հաստատող ոչ վավեր փաստաթղթերի տվյալները), ռեզիդենտությունը, հաշվառման հասցեն, կոնտակտային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, մահվան ամսաթիվը (հնարավոր խարդախության դեպքերի կանխման շրջանակում անձի մահացած չլինելու փաստը հաստատելու նպատակով), արգելանքները և բռնագանձումները (առկայության դեպքում):
6.1.5. Հաճախորդի կողմից Օպերատորին փոխանցվող, ինչպես նաև Օպերատորի հարցման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերության կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերից Օպերատորին փոխանցվող՝ սույն Կանոնների 6.1.4. կետում նշված կրիպտավորված անձնական տվյալները մշակվում են Օպերատորի՝ տեղեկատվական անվտանգության՝ ISO 27001 ստանդարտի պահանջներին համապատասխանող համակարգերում՝ Կանոնների 6.1.2. կետում նշված եղանակներով և նույն կետում նշված նպատակներն իրականացնելու համար:
6.1.6. Օպերատորը ապահովում է Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը՝ ՀՀ օրենսդրության համաձայն, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները:
6.1.7. Անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Անձնական տվյալները կարող են փոխանցվել կամ դրանցից օգտվելու հնարավորություն կարող է տրվել ՀՀ պետական մարմիններին և այն կազմակերպություններին, որոնց էլեկտրոնային հարթակներում հաճախորդը կիրառում է Ծառայությունը:
6.1.8. Հաճախորդն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, Օպերատորից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար:
6.1.9. Համաձայնությունը գործելու է Օպերատորի և Հաճախորդի միջև պայմանագրային հարաբերությունների տևողության, ինչպես նաև փաստաթղթերի արխիվացման ամբողջ ժամկետի ընթացքում: Բաժանորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ կանչել իր համաձայնությունը, ինչի արդյունքում Օպերատորի և բաժանորդի միջև գործող իրավահարաբերությունները կարող են վերանայվել:
6.1.10. Ընդհանուր կանոններով սահմանված կարգով Օպերատորի և Հաճախորդի միջև պայմանագրի կնքումով, ինչպես նաև փոփոխած Ընդհանուր կանոնները 9.2. կետով սահմանված կարգով Հաճախորդի կողմից ամբողջապես ակցեպտավորելով՝ Հաճախորդը տալիս է Ընդհանուր կանոնների 6-րդ բաժնում ներկայացված ծանուցման համաձայն իր անձնական տվյալներն Օպերատորի կողմից մշակելու անվերապահ համաձայնությունը:
7. Պատասխանատվություն
7.1. Օպերատորը պատասխանատվություն չի կրում, եթե Հաճախորդը ոչ պատշաճ կամ անօրինական կերպով է օգտվում ծառայությունից:
7.2. Հաճախորդն ինքն է կրում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ և իրեն հասանելի ինֆորմացիայի գաղտնիության պահպանման և ամբողջականության չխախտման ռիսկը:
7.3. Հաճախորդն ինքն է կրում երրորդ անձանց կողմից ծառայության օգտագործմամբ կատարված գործարքներից առաջացած պարտավորությունները:
7.4. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայության մատուցման խափանումների կամ խնդիրների համար, եթե դրանք իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանք են:
7.5. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կամ երրորդ անձանց անօրինական գործողությունների համար:
8. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)
8.1. Օպերատորը և Հաճախորդը պատասխանատվություն չեն կրում Ընդհանուր կանոններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:
9. Այլ դրույթներ
9.1. Օպերատորն իրավունք ունի միակողմանի կատարել փոփոխություններ բջջային խիստ նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության ընդհանուր կանոններում, գնացուցակում և հատուկ առաջարկներում /եթե այդպիսիք առկա են/՝ այդ մասին նախապես՝ 14 օր առաջ, հայտարարելով իր պաշտոնական կայքում: Եթե Հաճախորդը համաձայն չէ փոփոխության հետ, ապա կարող է սահմանված կարգով դիմում ներկայացնել ծառայությունը դադարեցնելու համար:
9.2. Եթե 9.1. կետով սահմանված ժամկետում Հաճախորդը դիմում չի ներկայացրել ծառայությունը դադարեցնելու համար, ապա համարվում է, որ նա ընդունել է փոփոխություններն ամբողջությամբ և անվերապահորեն: Ընդ որում, Հաճախորդն ինքն է կրում փոփոխություններին հետևելու պարտավորությունը:
9.3. Ծառայությունների և դրանց մատուցման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճը հանձնվում է ՀՀ իրավասու դատարանի լուծմանը:
9.4. Սույն կանոնները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: