Մեր ընկերությունը գործում է՝ խստագույնս պահպանելով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Այս օրենքն արգելում է ցանկացած գործունեություն, որը կարող է հանգեցնել մրցակցության սկզբունքների խախտման և շուկայի մենաշնորհացման: Բարձրաստիճան ղեկավարությունը հետևում է ապրանքների և ծառայությունների համապատասխանությանը իրավական պահանջներին:
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները տեղյակ են և պարտավոր են շարժվել գործող օրենքներին, կանոններին և կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև՝ հետևել Վիվա-ՄՏՍ-ի քաղաքականությանը և ընթացակարգերին: Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներին արգելվում է խրախուսել որևէ երրորդ կողմի կատարել կամ անձամբ մասնակցել որևէ գործողության, որը խախտում է օրենքները, կանոնները և կանոնակարգերը, ինչպես նաև Ընկերության քաղաքականությունն ու ընթացակարգերը:
Պետական օրենսդրության համապատասխանության հետ մեկտեղ, Ընկերությունը հետևում է նաև մի շարք ներքին սկզբունքների, որոնք առաջնահերթություններ են նաև կորպորատիվ կառավարման համար.
- Հակակոռուպցիոն նորմերն ու կանոնակարգերը
- Խարդախությունների (ֆրոդի) կանխարգելումը
- Բարեխիղճ գործարար պրակտիկան
- Ռիսկերի կառավարումը
- Պատասխանատու մատակարարման շղթան
Մեր ընկերությունը որդեգրել է Հակակոռուպցիոն ծրագիր՝ միտված Ընկերությունում հակակոռուպցիոն օրենսդրության պահանջների պահպանմանը:
Դրանք ապահովում են Ընկերության կողմից օրինականության, թափանցիկության և սոցիալական պատասխանատվության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև իր բարձր հեղինակության պահպանումը պետության, իր հաճախորդների, գործընկերների, մրցակիցների և ողջ հասարակության առջև: Դրանք սահմանում են Ընկերության և/կամ իր աշխատակիցների կողմից (նկատմամբ) կոռուպցիոն գործողությունները կանխելու սկզբունքները, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման սկզբունքները և որևէ երկրում իրականացված տնտեսական գործունեության ժամանակ Ընկերության կողմից կոռուպցիայի ցանկացած դրսևորման կանխարգելման սկզբունքները:
Մեր կողմից հակակոռուպցիոն օրենսդրության պահպանումը ենթադրում է ոչ միայն Հայաստանի առանց այն էլ խիստ հակակոռուպցիոն օրենսդրությանը հետևելը, այլ նաև՝ FCPA-ի և UKBA-ի օրենսդրական հիմնական պահանջներին համապատասխանելը: Հակակոռուպցիոն օրենսդրությունը տարածվում է Տնօրենների խորհրդի, ինչպես նաև բոլոր աշխատակիցների, ներկայացուցիչների, դուստր ընկերությունների, դրանց կառավարման մարմինների և աշխատակիցների վրա:
Ավելին, այն նաև տարածվում է Ընկերության հովանավորչական և բարեգործական գործունեությունը կանոնակարգող բոլոր նորմատիվային փաստաթղթերի և գործընթացների վրա: Նշված գործունեությանն առնչվող ֆինանսական գործարքները հստակ արտացոլվում են հաշվապահական հաշվետվություններում, և իրականացվող ծրագրերը հավելյալ կերպով համաձայնեցվում են: Բարեգործական ներդրումների մոնիթորինգը թույլ է տալիս խուսափել ներդրված գումարների՝ որպես թաքնված կամ առևտրային կաշառք, օգտագործումից: Ընկերության ղեկավարությունը անհրաժեշտ անվտանգության միջոցներ է ձեռնարկում`ապահովելու բոլոր քաղաքական ներդրումների և բարեգործական նվիրատվությունների օրինականությունը՝ համաձայն գործող հակակոռուպցիոն օրենսդրությանը:
Ընկերության ողջ աշխատակազմն անցել է հակակոռուպցիոն օրենսդրության համապատասխանության ծրագրի, Հակակոռուպցիոն ձեռնարկի կարևորագույն պահանջների և կոռուպցիայի խոցելի ոլորտների և այդ ռիսկերի նվազեցման վերաբերյալ ուսուցում: Ընկերությունն ունի նաև Համապատասխանության քաղաքականություն, որը սահմանում է Ընկերության, ինչպես նաև շահակիցների համար նվերների և զվարճանքի կանոնները:
Ընկերությունն իր աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիայի ոչ մի դեպք չի գրանցել. հակակոռուպցիոն ծրագրի պատշաճ իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ամեն օր՝ ներքին վերահսկողության և համապատասխանության գծով թիմի կողմից:
Ընկերությանը խարդախության գործողություններից զերծ պահելու համար մենք մշակել ենք բազմաթիվ գործընթացներ, քանի որ դա դիտարկում ենք որպես մեր երկարաժամկետ բիզնեսի հաջողության սպառնալիք: Մենք խարդախությունը համարում ենք ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կանխամտածված գործողություն կամ անգործություն՝ միտված Ընկերության հաշվին շահույթ ստանալուն և/կամ նյութական և/կամ ոչ նյութական վնաս պատճառելուն: Խարդախության օրինակներից են ֆինանսական հաշվետվությունների կեղծումը, SIM քարտերի կլոնավորումը, Ընկերության գույքի հափշտակումը և այլն: Խարդախություն կարող է համարվել նաև կապի ցանցերում անձանց կանխամտածված գործունեությունները, ներառյալ՝ խարդախ, անօրինական մուտքը ծառայություններին և առանց վճարի՝ օպերատորի ռեսուրսների օգտագործումը, օպերատորի ցանկացած գաղտնի տեղեկատվությանը անօրինական և շահույթ ստանալու նպատակով մուտքը, ինչպես նաև օպերատորին վնաս պատճառելու այլ գործողություննեը:
Վիվա-ՄՏՍ-ում մենք սահմանել ենք խարդախությունների կանխարգելման, բացահայտման, գնահատման, հետաքննման և հետևանքների նվազեցման գործողություններ՝ մեր բիզնեսի հուսալիության, ազնիվ հեղինակության պահպանման և հաջողության ապահովման համար: Սա ներառում է, ի թիվս այլոց, «Խարդախությունների կանխարգելման քաղաքականության» և շահերի բախման դեպքում վարքագծի վերաբերյալ խիստ կանոնակարգերի կամ «Խարդախության տվյալների բազայի» պահպանումը: Այս ավտոմատացված համակարգը նախատեսված է համակարգման, պահեստավորման և վերլուծության համար, ինչպես նաև՝ մի քանի բիզնես միավորումների հետ գիտելիքների և փորձի փոխանակման համար.
- Անվտանգության բաժին
- Կոմերցիոն վարչություն
- Ֆինանսների և հաշվապահության վարչություն
- Կառավարման, ռիսկերի և վերահսկողության վարչություն
- Ադմինիստրատիվ ծառայությունների վարչություն
- Տեղեկատվական համակարգերի վարչություն
- Տեխնիկական վարչություն
Այն հավաքում կամ վերլուծում է լավագույն բիզնես գործընկերների և մրցակիցների գործունեության մասին տեղեկատվությունը, նրանց կողմից կիրառվող կառավարման մեթոդները, ինչպիսիք են՝ լավագույն տեխնոլոգիաների, արտադրական գործընթացի և արտադրության և ծառայությունների կազմակերպման և մարքեթինգային մեթոդների հետազոտությունը:
Վիվա-ՄՏՍ-ի բոլոր աշխատակիցները պարտավոր են իրենց աշխատանքները կատարել առավել արդյունավետ, և, որպես այդպիսին, Ընկերությունն արգելում է բոլոր տեսակի շահերի բախումները: Շահերի բախում կարող է առաջանալ, երբ առկա է անձնական շահ կամ վերջինս վտանգված է, և երբ համապատասխան որոշումները կարող են բացասաբար ազդել Ընկերության շահերի վրա:
Ընկերության շահերը և բրենդը պետք է առաջնահերթ լինեն Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների կողմից ընդունված բոլոր որոշումների և գործողությունների համար: Նույնիսկ շահերի բախման աննշան դրսևորումը կարող է վնաս հասցնել Ընկերության համար կարևոր նշանակության շահերին:
Վիվա-ՄՏՍ-ում աշխատող անհատները միշտ պետք է գործեն Ընկերության նկատմամբ իրենց ստանձնած պարտականություններին համահունչ եղանակով և առանձնահատուկ միջոցներ պետք է ձեռնարկեն՝ զերծ պահելու Ընկերությունը իրենց և Ընկերության շահերի միջև բախումների հետևանքով առաջացած վնասներից:
Շահերի բախման մասին մեր քաղաքականությունը բացառում է որևէ աշխատակցի կողմից, Ընկերության շահերին ի վնաս, անձնական շահի գերակայությունը: Այն սահմանված է երաշխավորելու բոլոր աշխատակիցների վարքագծի համապատասխանությունը էթիկայի կանոնների բարձր մակարդակին: Այն վերաբերում է ցանկացած այնպիսի իրավիճակի, երբ աշխատողները հնարավորություն ունեն չարաշահելու իրենց մասնագիտական կամ պաշտոնական դիրքը անձնական նպատակներով, ինչպես նաև՝ բոլոր սեփականատիրական, գործընկերական ընկերակցություններին, միավորումներին, համատեղ ձեռնարկություններին, կորպորացիաներին, ընկերություններին, հիմնադրամներին կամ առևտրային և բիզնես մարմիններին կամ այլ կազմակերպություններին, ներառյալ՝ այդ մարմինների վերադաս կազմակերպություններին կամ ցանկացած այլ պայմանավորվածություններին, որտեղ կազմակերպությունը գործում է դուստր կազմակերպության միջոցով:
Շահերի բախման մասին մեր քաղաքականությունը վերաբերում է դրամական, ոչ նյութական և արժեքավոր նվերներին, ինչպես նաև՝ գաղափարներին, գյուտերին, տեխնոլոգիաներին, ստեղծագործական մտքին, որոնց դեպքում ներգրավված են մասնավոր շահերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, արտոնագրեր, հեղինակային իրավունքներ, ապրանքային նշաններ, «նոու-հաու», հեռահաղորդակցության ապրանքատեսակներ և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ապրանքատեսակներ: «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի յուրաքանչյուր աշխատակից ստորագրում է հայտարարագիր, որով հաստատում է, որ ստացել, ծանոթացել և հասկացել է շահերի բախման մասին քաղաքականությունը: Աշխատակիցները հավաստում են իրենց համաձայնությունը՝ համապատասխանելու քաղաքականության պահանջներին, և Ընկերությունում աշխատելու ողջ ժամանակահատվածում հնարավոր շահերի բախման իրավիճակ համարվող ցանկացած փաստացի կամ հավանական դեպքի զեկուցման մասին:
Վիվա-ՄՏՍ-ը շահույթ հետապնդող կազմակերպություն է: Այնուամենայնիվ, այդ շահույթի ձեռքբերման եղանակը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք հավատարիմ ենք խիստ բարոյական եղանակով բիզնեսի վարման սկզբունքին: Սա է պատճառը, որ մենք մշակել ենք էթիկայի կանոններ՝ հիմնվելով մեր հիմնարար արժեքների վրա, որոնք տեղակայված են նաև մեր կայքում: Էթիկայի կանոնների ժողովածուն սահմանում է Վիվա-ՄՏՍ-ի աշխատակազմի պրոֆեսիոնալ վարքագծի և աշխատանքային պարտականությունների համար նախատեսված սկզբունքներն ու էթիկայի ստանդարտները: Այս սկզբունքներն ու ստանդարտները պետք է ծառայեն որպես ուղեցույց՝ մեր ամենօրյա մասնագիտական գործունեության համար: Դրանք ձևավորում են նորմերն ու չափանիշները և ուղղություն տալիս աշխատանքային գործունեության ընթացքում հնարավոր խնդիրների լուծման համար:
Վիվա-ՄՏՍ-ում մենք միշտ ձգտում ենք պահպանել օրինականությունը, գործել արդար և ծավալել մեր գործունեությունը՝ ի օգուտ հասարակության, որում մենք աշխատում ենք: Էթիկական մասնագիտական վարքագծի պահպանումն ակնկալվում է և պարտադիր է Վիվա-ՄՏՍ-ի յուրաքանչյուր աշխատակցի համար:
Էթիկայի կանոնները հասանելի են Վիվա-ՄՏՍ-ի ողջ աշխատակազմին՝ ներքին պորտալի միջոցով, և ներկայացվում են ցանկացած նոր աշխատակցի՝ իրազեկման հանդիպումների ժամանակ: ՄՌ վարչության աշխատակիցները ցանկացած պահի պատրաստ են ուղղորդել բոլորին՝ նման հարցերի և անորոշ իրավիճակների դեպքում:
Տեղեկատվության գաղտնիությունը և օրենքի պահանջների կատարումը երաշխավորված են: Վիվա-ՄՏՍ-ը ստեղծել է նաև Թեժ-գիծ՝ ապահովելու հարգալից և բաց աշխատանքային միջավայր: Հատկապես կարևոր է, որ աշխատակիցների հանդեպ լինի արդարացի վերաբերմունք, և նրանք ժամանակին ստանան արձագանք իրենց անհանգստություններին ու խնդիրներին: Միևնույն ժամանակ, Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծը ստեղծվել է ֆինանսական և հաշվապահական, ներքին վերահսկողության և աուդիտի, վաճառքի, գնումների և հաճախորդների սպասարկման, ինչպես նաև պայմանագրային հարաբերությունների և բիզնեսի համար նշանակալից շատ այլ գործընթացների շրջանակում՝ համապատասխան ռիսկերի և խարդախությունների, չարաշահումների և խախտումների մասին հավանական փաստերի վերհանման, դրանց դեմ պայքարի և կանխարգելման արդյունավետության բարձրացման համար: Մշտապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զեկուցված բոլոր խախտումների բացահայտման համար:
Մենք կիրառում ենք Ռիսկերի ինտեգրացված կառավարման գործընթաց՝ կարևորագույն ռիսկերի կառավարման հարցում Վիվա-ՄՏՍ-ի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգման համար: Դրա նպատակն է ապահովել Ընկերությանը կարևորագույն ռիսկերի մասին համապատասխան տեղեկատվությամբ, ժամանակին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ արձագանքելու և տրամադրելու Ընկերության ղեկավարությանը և ներգրավված ստորաբաժանումներին մեր տնտեսական, էկոլոգիական և սոցիալական գործունեությանն առնչվող կարևորագույն ռիսկերի մասին վերլուծություն: Յուրաքանչյուր ռիսկ ունի իր մանրամասն վերլուծությունը, որը պարունակում է ռիսկի վերաբերյալ փաստացի տեղեկատվություն, ներառյալ՝ ռիսկի նկարագրությունը, ռիսկի գնահատումը, կանոնակարգային ընթացակարգերի ցանկը, լրացուցիչ միջոցները, պատասխան գործողությունները, ռիսկերի իրականացման դեպքերը, մոնիթորինգի արդյունքների եռամսյակային ամփոփագիրը: Միջոցառումներն ուղղված են ռիսկերի իրականացման հետևանքների նվազեցմանը և դրանց՝ Կանխարգելիչ և արտակարգ իրավիճակների միջոցառումների պլանում արտացոլմանը:
Ռիսկերի վրա հիմնված պլանային և արտահերթ ներքին աուդիտորական աշխատանքներն իրականացվում և զեկուցվում են Տնօրենների խորհրդին: Վիվա-ՄՏՍ-ը բոլոր մատակարարներին առաջարկում է արդար մրցակցության կամ սակարկության պայմաններ: Վիվա-ՄՏՍ-ի գնումների քաղաքականության հիման վրա մրցույթի կամ այլ արդարացի և ողջամիտ եղանակներով իրականացվում է մատակարարի որակավորման, ապրանքի/ծառայության որակի, հեղինակության ներառական, անկախ, օբյեկտիվ և արդար գնահատում:
Մեր գնումների շուրջ 52%-ը կատարվում է տեղական մատակարարներից: Մենք հետևում ենք անբարեխիղճ մրցակցությունը կամ մենաշնորհը, կոռուպցիան և կաշառքը բացառող օրենքներին և կանոնակարգերին: Մենք պաշտպանում ենք Ընկերության օրինական շահերը և մերժում ենք կաշառքները, չարտոնագրված վճարումների միջոցով զեղչերը կամ մատակարարի կողմից առաջարկվող նյութական արտոնությունները: Մենք հավատարիմ ենք Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ մշակույթին և հարգում ենք մատակարարի կորպորատիվ մշակույթը, մատակարարներին և նրանց ներկայացուցիչներին վերաբերվում ենք ընդունված վարվելակարգին համապատասխան և մատակարարի տեղեկությունները խիստ գաղտնի ենք պահում՝ օրենսդրությանը և ձեռք բերված փոխադարձ համաձայնությանը համապատասխան:
Ընկերության նպատակն է իր անմիջական մատակարարների հետ սեփական մատակարարման շղթայի միջոցով ստեղծել սոցիալական և բնապահպանական չափանիշներ: Այս նպատակով, մենք բարելավում ենք ԿՍՊ արդյունավետության և մատակարարման շղթայի կառավարման գործընթացները: Ինտեգրելով Ընկերության ԿՍՊ ստանդարտները մեր գնումների ընթացակարգերում՝ մենք կարող ենք պահպանել մեր հեղինակությունը և ներդրում ունենալ այն հասարակությունում, որտեղ մեր մատակարարները ծավալում են ակտիվ գործունեություն:
Մենք ակնկալում ենք մեր մատակարարներից որոշակի չափորոշիչների կիրառում՝ աշխատանքի, էթիկայի, անվտանգության և շրջակա միջավայրի պահմանման ոլորտներում (ԿՍՊ դրույթի հիման վրա): Համապատասխանությունը չափորոշիչներին ստուգվում է հարցաշարերի և մատակարարների հետ քննարկումների միջոցով: Ռազմավարական մատակարարի վերաբերյալ իրականացվում են մանրամասն վերլուծություններ՝ պարզելու ԿՍՊ առնչվող ռիսկերը, և մշակվում են համապատասխան բարելավման պլաններ՝ բարձր ռիսկի մատակարարների համար: