ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 Պայմանագիր
1.1 Սույն Պայմանները սահմանում են «Viva» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ստորև՝ «Օպերատոր») կողմից հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները:
1.2 Օպերատորի գովազդը կամ այլ կերպ Ծառայությունների ներկայացումը Պայմանների և որևէ սակագնային պլանի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է:
1.3 Բաժանորդագրման օֆերտան համարվում է Օպերատորի կողմից ակցեպտավորված (հաստատված) Ծառայություններն ակտիվացնելու պահից, և այդ պահից օֆերտան և Պայմանները, համապատասխան սակագնային պլանի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված, կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»):
1.4 Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները հանդիսանում են Օպերատորի կողմից նախկինում կատարված հրապարակային օֆերտայի հիման վրա նույն առարկայի վերաբերյալ կնքված պայմանագրերի պայմանները 2024թ. հուլիսի 1-ից փոփոխելու հրապարակային օֆերտա: Մինչև նշված ամսաթիվը Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարման պահանջ չստանալու դեպքում` սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակի օգտվել Ծառայություններից:
2 Սահմանումներ
Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը.
Անձնական Հաշիվ` Բիլինգային Համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդից ստացվող վճարումների և նրան մատուցվող ծառայությունների հաշվառման համար: Անհրաժեշտության դեպքում անձնական հաշվում ներառվում են նաև այլ օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից ներկայացված տվյալները (օրինակ` ռոումինգում Ծառայություններ մատուցելու դեպքում):
Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ակցեպտավորել է սույն հրապարակային օֆերտան:
Բաժանորդային Սարքավորում` Օպերատորի շարժական ցանցի և SIM-քարտի հետ համատեղելի հեռախոսային կամ այլ սարքավորում, որի միջոցով Բաժանորդը կարող է օգտվել Ծառայություններից:
Բիլինգային Համակարգ` հաշվարկների վարման ավտոմատացված համակարգ:
Գաղտնաբառ` տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի (լիազորված անձի) նույնականացման համար:
Ծառայություններ` Օպերատորի կողմից Պայմանագրի համաձայն մատուցվող շարժական էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ: Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում` Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի կողմից նշված երրորդ անձանց կողմից: Բացի այդ, Օպերատորը հնարավորություն է ընձեռում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար` նման երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես Բաժանորդի գործակալ, որը գործում է սեփական անունից, սակայն Բաժանորդի հաշվին և հանձնարարությամբ:
Կողմ` Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Օպերատորը կամ Բաժանորդը:
Հեռախոսի Համար` համարագրման պլանի համար, որն օգտագործվում է շարժական ցանցում Բաժանորդի կամ այլ թույլատրելի օգտագործողի նույնականացման և Պայմանագրի համաձայն Ծառայությունների մատուցման նպատակով:
Պայմաններ՝ սույն ընդհանուր պայմանները:
Օպերատոր` սույն Պայմանների 1.1 կետում նշված ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ:
SIM-քարտ` տեխնիկական հարմարանք, որին վերագրված է Հեռախոսային Համար և որը Բաժանորդի կողմից Բաժանորդային Սարքավորման հետ միասին օգտագործվում է Ծառայությունները ստանալու համար: Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրված SIM-քարտը մնում է Օպերատորի սեփականությունը և այն չի կարող Բաժանորդի կողմից օտարվել երրորդ անձի: Ինքնին SIM-քարտն առևտրային արժեք չի ներկայացնում: SIM-քարտը նախատեսված է անհատական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ սակագնային պլանով:
3 Ծառայություններ
3.1 Ծառայությունների նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից:
3.2 Ծառայությունները մատուցվում են Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
3.3 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, առանց ընդհատումների, տարվա բոլոր օրերին: Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց մասին Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով: Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները վերացնելու համար:
3.4 Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդը սեփական հայեցողությամբ և ծախսով ձեռք է բերում և օգտագործում է Օպերատորի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող (եթե այդպիսիք սահմանված են), Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ համատեղելի Բաժանորդային Սարքավորում:
3.5 Օպերատորն իրավունք ունի կիրառել հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից վաճառվող և/կամ օգտագործման/տիրապետման իրավունքով տրամադրվող Բաժանորդային Սարքավորումների նկատմամբ:
3.6 Բաժանորդն ապահովում է Օպերատորի կողմից տրամադրված SIM-քարտի պահպանությունը: Այն դեպքում, երբ Օպերատորը տեղեկացված չէ SIM‑քարտի կորստյան կամ հափշտակման մասին, համարվում է, որ SIM-քարտը օգտագործվում է Բաժանորդի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ և թույլտվությամբ:
3.7 Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` Բաժանորդային Սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, այլ օպերատորների ցանցերի անկանոն աշխատանքից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների նորմալ շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, տեղանքի առանձնահատկություններից և օդերևութաբանական պայմաններից:
3.8 Մատուցվող ծառայությունների ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:
3.9 Տեխնիկական անհրաժեշտության կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքում, Օպերատորը կարող է փոփոխել Հեռախոսի Համարը` այ դ մասին նախապես ծանուցելով Բաժանորդին:
3.10 Բաժանորդին մատուցված Ծառայությունների ծավալը որոշվում է Բիլինգային Համակարգի կողմից, այդ թվում` այլ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
3.11 Օպերատորը պարտավոր չէ 3 (երեք) ամսից ավել պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկատվությունը:
4 Օպերատորի իրավունքներն ու պարտավորությունները
4.1 Օպերատորը պարտավոր է`
4.1.1 Պայմանագրի գործողության ընթացքում Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդին հատկացնել Հեռախոսի Համար և տրամադրել SIM-քարտ, եթե տվյալ Ծառայությունից օգտվելու համար դրանք անհրաժեշտ են,
4.1.2 առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու հնարավորություն,
4.1.3 Բաժանորդին տրամադրել տեղեկատվություն Օպերատորի շարժական ցանցի ծածկույթի, Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանով նախատեսված Ծառայությունների ցանկի, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և Անձնական Հաշվի մնացորդի մասին,
4.1.4 Բաժանորդի պահանջով տրամադրել մանրամասն տեղեկություններ (վերծանումներ) մատուցված այն Ծառայությունների վերաբերյալ, որոնք սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել: Նշված մանրամասն տեղեկությունները (վերծանումները) տրամադրելու համար Օպերատորը կարող է գանձել ծառայության վճար:
4.2 Օպերատորն իրավունք ունի`
4.2.1 Պայմանագրով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սակագնային պլանները, Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, ամսական սահմանաչափերը, սակագները և կանոնները,
4.2.2 շարժական ցանցի միջոցով Բաժանորդներին ուղարկել գովազդային/տեղեկատվական հաղորդագրություններ և/կամ համապատասխան պայմանագրային հարաբերությունների շրջանակում պատվիրել թվային հարթակներին, որպեսզի նշված գովազդային/տեղեկատվական հաղորդագրությունները Բաժանորդներին ուղարկվեն վերջիններիս միջոցով,
4.2.3 համապատասխան պայմանագրային հարաբերությունների շրջանակում ինտերակտիվ ծառայություններ մատուցող կազմակերպություններին ապահովել տեխնիկական հնարավորություն՝ Օպերատորի շարժական ցանցի միջոցով Բաժանորդներին գովազդային/տեղեկատվական հաղորդագրություններ ուղարկելու համար,
4.2.4 կարճաժամկետ սահմանափակում կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից,
4.2.5 Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում (այդ թվում՝ այն դեպքում, եթե Բաժանորդին տրամադրված SIM-քարտով (համարով) գեներացվում է կասկածելի բնույթի տրաֆիկ (վիրուսային ծրագրերի կամ սպամի տարածման փորձի փաստեր կամ դրա վերաբերյալ հիմնավոր կասկածներ և այլն) կամ Բաժանորդի կողմից որևէ կերպով փորձ է կատարվում գեներացնելու եկամուտներ Օպերատորի տեխնիկական հնարավորություններն օգտագործելու միջոցով՝ առանց վերջինիս համաձայնության) միակողմանի կասեցնել Ծառայությունները (դրանց մասը) կամ լուծել Պայմանագիրն` առանց որևէ ծանուցման,
4.2.6 Լուծել Պայմանագիրը, եթե տվյալ Հեռախոսի Համարը ձեռք բերվելուց հետո 12 ամսվա ընթացքում չի ակտիվացվել: Պայմանագիրը լուծվելուց հետո տվյալ Հեռախոսի Համարը կարող է դրվել վաճառքի Օպերատորի ներքին ընթացակարգերով սահմանված կարգով,
4.2.7 լուծել Պայմանագիրն այն դեպքում, երբ սակագնային պլանը Օպերատորի կողմից արխիվացվել է և/կամ այդ սակագնային պլանով ծառայությունների մատուցումը Օպերատորի կողմից տեխնիկապես այլևս հնարավոր չէ, և Օպերատորը տվյալ սակագնային պլանից օգտվող Բաժանորդին տեղեկացրել է այդ մասին՝ սահմանելով ժամկետ որևէ այլ սակագնային պլանի անցում կատարելու համար, իսկ վերջինս սահմանված կարգով և ժամկետում անցում չի կատարել այլ սակագնային պլանի,
4.2.8 Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ:
5 Բաժանորդի իրավունքներն ու պարտավորությունները
5.1 Բաժանորդը պարտավոր է`
5.1.1 կատարել Պայմանագրի և Ծառայությունների մատուցման պայմանների և կանոնների պահանջները, հետևել դրանց փոփոխություններին,
5.1.2 ժամանակին վճարել Ծառայությունների դիմաց, իսկ նախատեսված դեպքերում կատարել երաշխիքային դեպոզիտ կամ կանխավճար,
5.1.3 SIM-քարտը պահպանել պատշաճ և ապահով վիճակում և չթույլատրել SIM-քարտի օգտագործումը նման լիազորություն չունեցող անձանց կողմից,
5.1.4 չօգտագործել Ծառայությունները օրենքին հակասող նպատակներով,
5.1.5 առանց Օպերատորի գրավոր համաձայնության չօգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդ կամ զանգվածային հաղորդագրություններ տարածելու, քվեարկություններ, վիճակախաղեր կամ մրցույթներ կազմակերպելու կամ որևէ այլ կերպով եկամուտներ գեներացնելու համար,
5.1.6 Զերծ մնալ իրեն տրամադրված SIM-քարտի (համարի) միջոցով կասկածելի բնույթի տրաֆիկ գեներացնելուց (վիրուսային ծրագրերի կամ սպամի տարածում և այլն),
5.1.7 չօգտագործել SIM-քարտը որևէ անհամատեղելի սարքի հետ և որևէ եղանակով, որը կարող է ազդել հեռահաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա,
5.1.8 չօգտագործել SIM-քարտը և բաժանորդային սարքավորումը վայրերում, որտեղ դրանց օգտագործումն արգելված կամ սահմանափակված է (օրինակ` ավտոլցակայանում, օդանավում, մշակույթի օջախներում և այլն),
5.1.9 զերծ մնալ Ծառայությունների այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են խախտվել Օպերատորի կամ այլ անձանց իրավունքները, կամ նրանց կարող է պատճառվել անհարմարություն,
5.1.10 անհապաղ տեղեկացնել Օպերատորին SIM-քարտի կորստյան կամ հափշտակման դեպքում` Օպերատորին ներկայացնելով SIM-քարտի նկատմամբ իրավունքները և Բաժանորդի (լիազորված անձի) ինքնությունը հաստատող բավարար ապացույցներ:
5.2 Բաժանորդն իրավունք ունի`
5.2.1 Պայմանագրով սահմանված կարգով ստանալ Ծառայություններ,
5.2.2 Օպերատորին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով միակողմանի կարգով լուծել Պայմանագիրը՝ կատարելով Պայմանագրով սահմանված իր բոլոր (այդ թվում՝ վճարային) պարտավորություններն Օպերատորի հանդեպ,
5.2.3 Պայմանագրի (բացառությամբ կանխավճարային բաժանորդագրության) լուծման դեպքում Օպերատորի հանդեպ Բաժանորդի ունեցած բոլոր պարտավորությունները կատարելուց հետո Բաժանորդի անձնական հաշվին դրական հաշվեկշռի առկայության դեպքում Պայմանագրի լուծման օրվանից հաշված 1 (մեկ) տարվա ընթացքում Օպերատորին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով ետ ստանալ այդ մնացորդը: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն կետում նշված դրական հաշվեկշիռը ենթակա չէ վերադարձման: Կանխավճարային բաժանորդագրությամբ Պայմանագրի լուծման պարագայում դրական հաշվեկշիռը բոլոր դեպքերում ենթակա չէ վերադարձման,
5.2.4 Օպերատորից ստանալու մանրամասն տեղեկություններ (վերծանումներ) մատուցված այն Ծառայությունների վերաբերյալ, որոնք սակագրվել են և Բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել: Նշված մանրամասն տեղեկությունները (վերծանումները) տրամադրելու համար Օպերատորը կարող է գանձել ծառայության վճար,
5.2.5 Օպերատորի մոտ տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, կիրառվող սակագների, մատուցված Ծառայությունների ծավալի, գանձված գումարների և Անձնական Հաշվի ընթացիկ մնացորդի մասին,
5.2.6 օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվել Պայմանների 4.2.2. և 4.2.3. կետերում նշված հաղորդագրությունների ստացման հնարավորությունից, այլապես այդ հաղորդագրությունները ստանալու Բաժանորդի համաձայնությունը համարվում է տրված:
6 Հաշվարկներ
6.1 Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակվում են Օպերատորի վեբ-կայքում և ներկայացվում Օպերատորի սպասարկման կենտրոններում:
6.2 Կախված սակագնային պլանից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
6.3 Բաժանորդը պետք է անհապաղ գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցի Օպերատորի համապատասխան ծառայություններին SIM-քարտի կորստյան կամ հափշտակության մասին, իսկ Օպերատորը պետք է շուտափույթ գործողություններ ձեռնարկի` Բաժանորդի պատշաճ ծանուցումը ստանալու պահից 24 (քսանչորս) ժամվա ընթացքում SIM-քարտի սպասարկումը դադարեցնելու ուղղությամբ: Բաժանորդը կրում է SIM-քարտի կորստյան, հափշտակման, վնասման (այդ թվում` բնական մաշվածության) հետ կապված ռիսկերը: Մինչև SIM-քարտի սպասարկումը դադարեցնելը դրա տիրապետողին մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները գանձվում են Բաժանորդից:
6.4 Օպերատորը կարող է գանձել վճար կասեցված Ծառայությունները վերականգնելու, անջատված SIM-քարտը վերամիացնելու, կորցրած/հափշտակված կամ փչացած SIM-քարտը նոր SIM-քարտով փոխարինելու համար:
6.5 Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ Ծառայությունների համար գանձվող գումարները կարող են Անձնական Հաշվում արտացոլվել ուշացումով (օրինակ` ռոումինգի ծառայությունների համար):
6.6 Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
6.7 Կանխավճարային բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից`
6.7.1 Ծառայությունները մատուցվում են Անձնական Հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում,
6.7.2 Օպերատորը սեփական հայեցողությամբ կարող է ապառիկ հիմունքներով Ծառայություններ մատուցել Բաժանորդին, և նման Ծառայություններից օգտվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում մարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները,
6.7.3 Մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական Հաշվի մնացորդից, և Օպերատորն ապահովում է հնարավորություն Անձնական Հաշվի մնացորդն էլեկտրոնային կամ այլ եղանակով ստուգելու համար,
6.7.4 Կանխավճարված գումարը սահմանված ժամկետում, որի տևողությունը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել 3 (երեք) տարին, ամբողջությամբ օգտագործված չլինելու դեպքում, Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և առանց ծանուցման զրոյացնել Անձնական Հաշվի մնացորդը,
6.7.5 Բաժանորդը պարտավոր է սակագնային պլանով նախատեսված ժամկետներում կատարել կանխավճար («լիցքավորել» SIM-քարտը) և այլ կիրառելի վճարումներ,
6.7.6 Անձնական Հաշվի վրա միջոցների բացակայության դեպքում` Օպերատորը կարող է առանց ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը,
6.7.7 սակագնային պլանով նախատեսված կարգով Անձնական Հաշվի մնացորդի համալրմանն ուղղված վճարումը SIM-քարտի վավերականության ժամկետը լրանալուց հետո 180 օրվա ընթացքում Բաժանորդի կողմից չկատարելու դեպքում, ինչպես նաև անկախ պատճառներից` ելքային հաղորդակցությունների ավելի քան 180 օրվա ընթացքում անընդմեջ արգելափակված լինելու դեպքում Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ, առանց որևէ ծանուցման, SIM-քարտի սպասարկման դադարեցման միջոցով լուծել Պայմանագիրը: Առանձին սակագնային պլաններով կարող են սահմանվել սույն կետում նշված ժամկետներից ավելի կարճ ժամկետներ,
6.7.8 կանխավճարների ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով, Օպերատորը կարող է թողարկել կանխավճարային (լիցքավորման) քարտեր կամ թույլատրել վճարման այլ եղանակներ,
6.7.9 կանխավճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծառայությունների մատուցումը հնարավոր չէ,
6.7.10 Եթե Բաժանորդն իր կանխավճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարներից որևէ մեկի մասով փաստացի մատուցված Ծառայությունների դիմաց առաջացած պարտքը սահմանված ժամկետում չի վճարել, ինչի արդյունքում տվյալ Հեռախոսի Համարին Ծառայությունների մատուցումն Օպերատորի կողմից ամբողջապես կասեցվել է, ապա Օպերատորը կարող է առանց Բաժանորդին նախապես ծանուցելու վերը նշված ժամկետանց պարտքը մարել Բաժանորդի՝ տվյալ պահին գործող մեկ այլ կանխավճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի հաշվին առկա գումարով:
6.8 Հետվճարային (ապառիկ) բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից`
6.8.1 Օպերատորը պարտավոր է Բիլինգային Համակարգի տվյալների հիման վրա պատրաստել ամսական ամփոփ հաշիվներ և դրանք հասանելի դարձնել համապատասխան սպասարկման կենտրոնների համար մինչև հաջորդ ամսվա 5‑րդ օրը,
6.8.2 հաշիվները կարող են դուրս գրվել և պահվել էլեկտրոնային տեսքով,
6.8.3 սակագնային պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից պատվիրված լինելու դեպքում` ամփոփ հաշիվները փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին,
6.8.4 Ցանկացած դեպքում, Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել իր ամսական պարտքը և մարել այն մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը,
6.8.5 Վճարման պարտավորությունը համարվում է կատարված այն պահին, երբ վճարված գումարը հանձնվում է Օպերատորի դրամարկղ կամ` մուտքագրվում Օպերատորի բանկային հաշվին: Բանկային վճարումները, ինչպես նաև Օպերատորի գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը,
6.8.6 Բաժանորդը պարտավոր է ժամանակին կատարել վճարումները` անկախ վճարման եղանակից, առաքված ամսական հաշվի ստացման փաստից, և հաշվի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հանգամանքից,
6.8.7 Վճարում կատարելիս` Բաժանորդը պարտավոր է վճարման փաստաթղթում ճշգրիտ նշել իր հեռախոսի համարը, ինչպես նաև բիլինգային հաշվարկային փաստաթղթի կամ հարկային հաշվի համարը,
6.8.8 Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ, Բաժանորդի` վարկային պատմության ոչ բավարար լինելու, ինչպես նաև Օպերատորի ֆինանսական ռիսկերը զսպելու նպատակով այլ դեպքերում կիրառել օգտագործման (այդ թվում՝ ամսական սահմանաչափերի) սահմանափակումներ,
6.8.9 Բաժանորդը կարող է ուղղակի պարտագրման պայմանավորվածություններ ձեռք բերել Օպերատորի կողմից ընդունելի բանկի հետ, որով կլիազորի Օպերատորին գանձել ամսական հաշիվները Բաժանորդի բանկային հաշվից կամ վարկային քարտից և ստանալ տեղեկատվություն գանձված գումարների կամ գումարն ամբողջությամբ գանձելու անհնարինության մասին,
6.8.10 Վճարումները սահմանված ժամկետում չստանալու և/կամ նախատեսված սահմանափակումները գերազանցելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Վճարումը սահմանված ժամկետից հետո 10 (տասը) օրվա ընթացքում չստանալու դեպքում` Օպերատորն ամբողջությամբ կասեցնում է Ծառայությունները,
6.8.11 Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում` Պայմանագիրը կհամարվի լուծված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը մինչև Ծառայությունների ամբողջությամբ կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար (այդ թվում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները)՝ անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից,
6.8.12 եթե Բաժանորդն օգտվում է մեկից ավելի Հեռախոսի Համարներից և սահմանված ժամկետում ամբողջությամբ չի վճարել որևէ Հեռախոսի Համարի ամսական հաշիվը, ապա Օպերատորը կարող է կիրառել 6.8.10 և 6.8.11. կետերում նշված միջոցները Բաժանորդի բոլոր Հեռախոսի Համարների նկատմամբ,
6.8.13 Եթե Բաժանորդն իր հետվճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարներից որևէ մեկի մասով փաստացի մատուցված Ծառայությունների դիմաց առաջացած պարտքը սահմանված ժամկետում չի վճարել, ինչի արդյունքում տվյալ Հեռախոսի Համարին Ծառայությունների մատուցումն Օպերատորի կողմից ամբողջապես կասեցվել է կամ այդ Հեռախոսի Համարի մասով Պայմանագիրը լուծվել է, ապա Օպերատորը կարող է առանց Բաժանորդին նախապես ծանուցելու վերը նշված ժամկետանց պարտքը փոխանցել Բաժանորդի՝ տվյալ պահին գործող մեկ այլ հետվճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի հաշվին, որն այնուհետև ենթակա կլինի վճարման գործող բաժանորդագրության ընթացիկ պարտքի հետ միասին: Նշված ժամկետանց պարտքն ընթացիկ պարտքի հետ միասին սահմանված ժամկետում չվճարելու դեպքում գործող բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի նկատմամբ կկիրառվեն 6.8.10 և 6.8.11 կետերում նշված միջոցները,
6.8.14 Օպերատորն իրավունք ունի օգտագործել Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարը` Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար,
6.8.15 Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ԱՄՆ դոլարով ինդեքսավորել ժամկետանց վճարումների գումարները:
7 Բաժանորդի տվյալները
7.1 Բաժանորդը պարտավոր է Օպերատորի պահանջով և Օպերատորի կողմից ընդունելի եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
7.1.1 ֆիզիկական անձը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
7.1.2 իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով (եթե իրավաբանական անձը ունի կնիք), և իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը:
7.2 անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված անձի ստորագրությամբ, և անձը հաստատող փաստաթուղթը:
7.3 Անհրաժեշտության դեպքում Օպերատորը կարող է Բաժանորդից պահանջել նաև այլ փաստաթղթեր կամ փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճեններ:
7.4 Եթե փաստաթղթերի տրամադրումը պահանջվել է Օպերատորի կողմից, ապա դրանցով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 1 (մեկ) ամսվա ընթացքում հայտնել Օպերատորին:
7.5 Օպերատորը պարտավոր չէ վերականգնել կորցրած/հափշտակված SIM-քարտը կամ SIM-քարտին վերագրված Հեռախոսի Համարը, եթե Օպերատորի մոտ Բաժանորդի անձնական տվյալների հաշվառված չլինելու պատճառով հնարավոր չէ հաստատել Բաժանորդի ինքնությունը:
7.6 ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին Բաժանորդի կողմից կատարվող կանչի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (Բաժանորդի տեղորոշում) և Բաժանորդի անձնական տվյալները Օպերատորի կողմից փոխանցվում են համապատասխան ծառայության տվյալների կենտրոնին՝ վերջինիս հարցման հիման վրա:
8 Անձնական տվյալներ մշակելու համաձայնությունը ստանալու նպատակով անձնական տվյալների սուբյեկտին (Բաժանորդին) ներկայացվող ծանուցումը և Բաժանորդի համաձայնությունը
8.1. Օպերատորի կողմից Բաժանորդին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, Օպերատորի տեղեկատվական շտեմարաններ վավեր տվյալներ մուտքագրելու, շտեմարաններում առկա տվյալներն արդիականացնելու և ճշգրտելու, շտեմարաններում առկա տվյալների միջոցով ապանձնավորված վերլուծություններ իրականացնելու, մատուցվող ծառայությունների հետ կապված խարդախության դեպքերը կանխելու/բացահայտելու նպատակով Օպերատորին անհրաժեշտ է մշակել, ներառյալ՝ հավաքել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, կազմակերպել, պահպանել, օգտագործել, վերափոխել, վերականգնել, փոխանցել, ուղղել կամ այլ կերպ մշակել Բաժանորդի անձնական տվյալները:
8.2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը սույն ծանուցման հիման վրա անձնական տվյալների սուբյեկտի՝ Բաժանորդի գրավոր համաձայնությունն է:
8.3. Մշակման ենթակա անձնական տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, լուսանկար, անձնագրային տվյալներ (ներառյալ՝ անձը հաստատող ոչ վավեր փաստաթղթերի տվյալներ), ռեզիդենտություն, հաշվառման հասցե, կոնտակտային տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ, մահվան ամսաթիվ (հնարավոր խարդախության դեպքերի կանխման շրջանակում անձի մահացած չլինելու փաստը հաստատելու նպատակով), արգելանքներ և բռնագանձումներ (առկայության դեպքում):
8.4. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողություններ. Պայմանագրի կնքման շրջանակում Բաժանորդի կողմից Օպերատորին փոխանցվող, ինչպես նաև Օպերատորի հարցման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերից Օպերատորին փոխանցվող՝ սույն ծանուցման 8.3 կետում նշված կրիպտավորված անձնական տվյալները մշակվում են Օպերատորի՝ տեղեկատվական անվտանգության ISO 27001 ստանդարտի պահանջներին համապատասխանող համակարգերում՝ Պայմանների 8.1. կետում նշված եղանակներով և նույն կետում նշված նպատակներն իրականացնելու համար:
8.5. Անձնական տվյալները կարող են փոխանցվել 3-րդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
8.6. Բաժանորդն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, Օպերատորից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար:
8.7. Սույն ծանուցման հիման վրա Բաժանորդի համաձայնության գործողության ժամկետը. համաձայնությունը գործելու է Օպերատորի և Բաժանորդի միջև պայմանագրային հարաբերությունների տևողության, ինչպես նաև փաստաթղթերի արխիվացման ամբողջ ժամկետի ընթացքում: Բաժանորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ կանչելու իր համաձայնությունը, ինչի արդյունքում Օպերատորի և բաժանորդի միջև գործող իրավահարաբերությունները կարող են վերանայվել:
8.8. Պայմանների 1.3. կետում նշված կարգով Օպերատորի և Բաժանորդի միջև Պայմանագիր կնքելով, ինչպես նաև փոփոխված Պայմանները 1.4. կետով սահմանված կարգով Բաժանորդի կողմից ամբողջապես ակցեպտավորելով՝ Բաժանորդը տալիս է Պայմանների 8.1. - 8.7. կետերով ներկայացված ծանուցման համաձայն իր անձնական տվյալներն Օպերատորի կողմից մշակելու անվերապահ համաձայնությունը:
9 Պատասխանատվություն
9.1 Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:
9.2 Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:
9.3 Ցանկացած պարագայում, Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն հաշվարկված գումարը:
10 Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)
Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:
11 Կիրառվող օրենսդրությունը
Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերով:
12 Պայմանագրի լեզուն
Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Բաժանորդի հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև կիրառվող սակագները և կանոնները կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով, սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
13 Բողոքների ներկայացման և վեճերի լուծման կարգը
13.1 Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին` Ծառայությունների մատուցման համապատասխան ամսվա ավարտից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում, և եթե սահմանված ժամկետում Բաժանորդը որևէ անհամապատասխանության մասին չի հայտնել Օպերատորին, ապա հաշիվը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ հաշվի ժամանակահատվածին վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ:
13.2 Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում` Բաժանորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի սպասարկման կենտրոններ կամ զանգահարելով Օպերատորի «թեժ գիծ» շուրջօրյա ծառայությանը: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն ընդունում է բողոքների և առաջարկությունների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են սպասարկման կենտրոններում և տեղադրվում Օպերատորի վեբ-կայքում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված ժամկետներում և կարգով: Բաժանորդի պահանջով գրավոր բողոքներին և առաջարկություններին պետք է տրվի գրավոր պատասխան:
13.3 Բաժանորդի և Օպերատորի միջև մատուցված Ծառայությունների ծավալի, արժեքի կամ այլ տվյալների հետ կապված վեճի առաջացման դեպքում վեճի կարգավորման համար հիմք են ընդունվում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բիլինգային համակարգում առկա, իսկ որոշ Ծառայությունների դեպքում` այլ օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից ներկայացված տվյալները:
13.4 Բաժանորդի և Օպերատորի միջև վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծման համար դիմել 15-րդ կետում նշված Օպերատորի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի դատարաններին:
14 Գործողության ժամկետը և Պայմանագրի պայմանների փոփոխումը
14.1 Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում 2024թ. հուլիսի 1-ին: Նշված ամսաթվից Օպերատորի կողմից նախկինում կատարված կանխավճարային և հետվճարային ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտան համարվում է ուժը կորցրած, և բոլոր նոր բաժանորդագրությունները պետք է կարգավորվեն սույն Պայմաններով:
14.2 Սույն Պայմանների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սակագնային պլանները և Ծառայությունների մատուցման այլ պայմանները և կանոնները մնում են ուժի մեջ:
14.3 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
14.4 Բաժանորդն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը` այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Օպերատորին և կատարելով վերջնահաշվարկ փաստացի մատուցված Ծառայությունների համար:
14.5 Օպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը` Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում, ինչպես նաև օրենքով, Պայմանագրով, սակագնային պլանով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններով նախատեսված դեպքերում:
14.6 Պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է անհապաղ մարել բոլոր պարտավորությունները Օպերատորի նկատմամբ:
14.7 Պայմանագրի լուծման հետևանքով և/կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով Հեռախոսի Համարի ազատման դեպքում` Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ օգտագործել այն:
14.8 Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) Պայմաններում, կիրառվող սակագնային պլաններում, սակագներում և/կամ կանոններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին` դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 (երեք) օր առաջ Օպերատորի պաշտոնական վեբ‑կայքում այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունների կամ լրացումների մասին Բաժանորդներին կարճ հաղորդագրություններ (SMS) միջոցով ծանուցելով, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց: Պայմաններում, կիրառվող սակագնային պլաններում, սակագներում և/կամ կանոններում նախատեսվող՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Օպերատորը պարտավոր է դրանց ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակել իր պաշտոնական վեբ‑կայքում, ինչպես նաև այդ փոփոխությունների կամ լրացումների մասին տեղեկատվությունը կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ուղարկել Բաժանորդներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց:
14.9 Պայմանների 14.8 կետի համաձայն Օպերատորի կողմից առաջարկված՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների կամ լրացումների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծել Պայմանագիրը մինչև փոփոխությունների կամ լրացումների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետի լրանալը (բացառությամբ եթե այդ փոփոխությունները կամ լրացումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության պահանջներով)` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
14.10 Պայմանների 14.9 կետում նշված դեպքում Պայմանագրի միակողմանի կարգով լուծման արդյունքում Բաժանորդից որևէ հավելյալ վճար (տույժ, տուգանք կամ հրաժարագին) չի կարող գանձվել: Միևնույն ժամանակ, մինչև Պայմանագրի լուծումը Օպերատորի կողմից Բաժանորդին փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարելու՝ Բաժանորդի պարտավորությունը շարունակում է գործել մինչև դրա ամբողջական կատարումը:
15 Օպերատորի վավերատարրերը
«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
ՀՎՀՀ 01551651, Հ/հ 1930004268280100 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում
Վեբ-կայք` www.viva.am
1 Պայմանագիր
1.1 Սույն Պայմանները սահմանում են «Վիվա-ՄՏՍ»և այլ ապրանքային նշանների ներքո գործող «ՄՏՍ Հայաստան»փակ բաժնետիրական ընկերության (ստորև՝ «Օպերատոր») կողմից հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով Ծառայությունների մատուցմանընդհանուր պայմանները:
1.2 Օպերատորի գովազդը կամ այլ կերպ Ծառայությունների ներկայացումը Պայմանների և որևէ սպասարկման պլանի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է:
1.3 Բաժանորդագրման օֆերտան համարվում է Օպերատորի կողմից ակցեպտավորված (հաստատված) Ծառայություններն ակտիվացնելու պահից, և այդ պահից օֆերտան և Պայմանները, համապատասխան սպասարկման պլանի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված, կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»):
1.4 Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները հանդիսանում են Օպերատորի կողմից նախկինում կատարված հրապարակային օֆերտայի հիման վրա նույն առարկայի վերաբերյալ կնքված պայմանագրերի պայմանները 2022թ. ապրիլի 01-ից փոփոխելու հրապարակային օֆերտա: Մինչև նշված ամսաթիվը Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարման պահանջ չստանալու դեպքում` սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակի օգտվել Ծառայություններից:
2 Սահմանումներ
Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը.
Անձնական Հաշիվ` Բիլինգային Համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդից ստացվող վճարումների և նրան մատուցվող ծառայությունների հաշվառման համար:
Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ակցեպտավորել է սույն հրապարակային օֆերտան:
Բաժանորդային Սարքավորում` Օպերատորի շարժական ցանցի և SIM-քարտի հետ համատեղելի հեռախոսային կամ այլ սարքավորում, որի միջոցով Բաժանորդն կարող է օգտվել Ծառայություններից:
Բիլինգային Համակարգ` հաշվարկների վարման ավտոմատացված համակարգ:
Գաղտնաբառ` տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի (լիազորված անձի) նույնականացման համար:
Ծառայություններ` Օպերատորի կողմից Պայմանագրի համաձայն մատուցվող շարժական էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ: Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում` Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի կողմից նշված երրորդ անձանց կողմից: Բացի այդ, Օպերատորը հնարավորություն է ընձեռում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար` նման երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես Բաժանորդի գործակալ, որը գործում է սեփական անունից, սակայն Բաժանորդի հաշվին և հանձնարարությամբ:
Կողմ` Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Օպերատորը կամ Բաժանորդը:
Հեռախոսի Համար` համարագրման պլանի համար, որն օգտագործվում է շարժական ցանցում Բաժանորդի կամ այլ թույլատրելի օգտագործողի նույնականացման և Պայմանագրի համաձայն Ծառայությունների մատուցման նպատակով:
Պայմաններ՝ սույն ընդհանուր պայմանները:
Օպերատոր` սույն Պայմանների 1.1 կետում նշված ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ:
SIM-քարտ` տեխնիկական հարմարանք, որին վերագրված է Հեռախոսային Համար և որը Բաժանորդի կողմից Բաժանորդային Սարքավորման հետ միասին օգտագործվում է Ծառայությունները ստանալու համար: Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրված SIM-քարտը մնում է Օպերատորի սեփականությունը և այն չի կարող Բաժանորդի կողմից օտարվել երրորդ անձի: Ինքնին SIM-քարտն առևտրային արժեք չի ներկայացնում: SIM-քարտը նախատեսված է անհատական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ սպասարկման պլանով:
3 Ծառայություններ
3.1 Ծառայությունների նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից:
3.2 Ծառայությունները մատուցվում են Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
3.3 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, առանց ընդհատումների, տարվա բոլոր օրերին: Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով: Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները վերացնելու համար:
3.4 Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդը սեփական հայեցողությամբ և ծախսով ձեռք է բերում և օգտագործում է Օպերատորի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող (եթե այդպիսիք սահմանված են), Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ համատեղելի Բաժանորդային Սարքավորում:
3.5 Օպերատորն իրավունք ունի կիրառել հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից վաճառվող և/կամ օգտագործման/տիրապետման իրավունքով տրամադրվող Բաժանորդային Սարքավորումների նկատմամբ:
3.6 Բաժանորդն ապահովում է Օպերատորի կողմից տրամադրված SIM-քարտի պահպանությունը: Այն դեպքում, երբ Օպերատորը տեղեկացված չէ SIM‑քարտի կորստյան կամ հափշտակման մասին, համարվում է, որ SIM-քարտը օգտագործվում է Բաժանորդի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ և թույլտվությամբ:
3.7 Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` Բաժանորդային Սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, այլ օպերատորների ցանցերի անկանոն աշխատանքից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների նորմալ շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, տեղանքի առանձնահատկություններից և օդերևութաբանական պայմաններից:
3.8 Մատուցվող ծառայությունների ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:
3.9 Տեխնիկական անհրաժեշտության կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքում, Օպերատորը կարող է փոփոխել Հեռախոսի Համարը` այդ մասին նախապես ծանուցելով Բաժանորդին:
3.10 Բաժանորդին մատուցված Ծառայությունների ծավալը որոշվում է Բիլինգային Համակարգի կողմից, այդ թվում` այլ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
3.11 Օպերատորը պարտավոր չէ 3 (երեք) ամսից ավել պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկատվությունը:
4 Օպերատորի իրավունքներն ու պարտավորությունները
4.1 Օպերատորը պարտավոր է`
4.1.1 Պայմանագրի գործողության ընթացքում Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդին հատկացնել Հեռախոսի Համար և տրամադրել SIM-քարտ, եթե տվյալ Ծառայությունից օգտվելու համար դրանք անհրաժեշտ են.
4.1.2 առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու հնարավորություն.
4.1.3 Բաժանորդին տրամադրել տեղեկատվություն Օպերատորի շարժական ցանցի ծածկույթի, Բաժանորդի կողմից ընտրված սպասարկման պլանով նախատեսված Ծառայությունների ցանկի, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և Անձնական Հաշվի մնացորդի մասին.
4.1.4 Բաժանորդի պահանջով տրամադրել մանրամասն տեղեկություններ (վերծանումներ) մատուցված այն Ծառայությունների վերաբերյալ, որոնք սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել: Նշված մանրամասն տեղեկությունները (վերծանումները) տրամադրելու համար Օպերատորը կարող է գանձել ծառայության վճար:
4.2 Օպերատորն իրավունք ունի`
4.2.1 Պայմանագրով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սպասարկման պլանները, Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, սակագները և կանոնները.
4.2.2 կարճաժամկետ սահմանափակում կիրառել Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից.
4.2.3 Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում միակողմանի կասեցնել Ծառայությունները (դրանց մասը) կամ դադարեցնել Պայմանագիրն` առանց որևէ ծանուցման.
4.2.4 դադարեցնել Բաժանորդի Հեռախոսի Համարի բաժանորդագրությունը (լուծել Պայմանագիրը), եթե տվյալ Հեռախոսի Համարը ձեռք բերվելուց հետո 12 ամսվա ընթացքում չի ակտիվացվել: Պայմանագիրը լուծվելուց հետո տվյալ Հեռախոսի Համարը կարող է դրվել վաճառքի Օպերատորի ներքին ընթացակարգերով սահմանված կարգով.
4.2.5 Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ:
5 Բաժանորդի իրավունքներն ու պարտավորությունները
5.1 Բաժանորդը պարտավոր է`
5.1.1 կատարել Պայմանագրի և Ծառայությունների մատուցման պայմանների և կանոնների պահանջները, հետևել դրանց փոփոխություններին.
5.1.2 ժամանակին վճարել Ծառայությունների դիմաց, իսկ նախատեսված դեպքերում կատարել երաշխիքային դեպոզիտ կամ կանխավճար.
5.1.3 SIM-քարտը պահպանել պատշաճ և ապահով վիճակում և չթույլատրել SIM-քարտի օգտագործումը նման լիազորություն չունեցող անձանց կողմից.
5.1.4 չօգտագործել Ծառայությունները օրենքին հակասող նպատակներով.
5.1.5 առանց Օպերատորի գրավոր համաձայնության չօգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդ կամ զանգվածային հաղորդագրություններ տարածելու, քվեարկություններ, վիճակախաղեր կամ մրցույթներ կազմակերպելու համար,.
5.1.6 չօգտագործել SIM-քարտը որևէ անհամատեղելի սարքի հետ և որևէ եղանակով, որը կարող է ազդել հեռահաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա.
5.1.7 չօգտագործել SIM-քարտը և բաժանորդային սարքավորումը վայրերում, որտեղ դրանց օգտագործումն արգելված կամ սահմանափակված է (օրինակ` ավտոլցակայանում, օդանավում, մշակույթի օջախներում և այլն).
5.1.8 զերծ մնալ Ծառայությունների այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են խախտվել Օպերատորի կամ այլ անձանց իրավունքները, կամ նրանց կարող է պատճառվել անհարմարություն.
5.1.9 անհապաղ տեղեկացնել Օպերատորին SIM-քարտի կորստյան կամ հափշտակման դեպքում` Օպերատորին ներկայացնելով SIM-քարտի նկատմամբ իրավունքները և Բաժանորդի (լիազորված անձի) ինքնությունը հաստատող բավարար ապացույցներ:
5.2 Բաժանորդն իրավունք ունի`
5.2.1 Օպերատորի մոտ տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, կիրառվող սակագների, մատուցված Ծառայությունների ծավալի, գանձված գումարների և Անձնական Հաշվի ընթացիկ մնացորդի մասին.
5.2.2 օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվել Օպերատորի կողմից շարժական ցանցի միջոցով տարածվող գովազդային և/կամ տեղեկատվական հաղորդակցությունների ստացման հնարավորությունից, որն այլապես համարվում է տրված:
6 Հաշվարկներ
6.1 Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված սպասարկման պլանի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակվում են Օպերատորի վեբ-կայքում և ներկայացվում Օպերատորի սպասարկման կենտրոններում:
6.2 Կախված սպասարկման պլանից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
6.3 Բաժանորդը պետք է անհապաղ գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցի Օպերատորի համապատասխան ծառայություններին SIM-քարտի կորստյան կամ հափշտակության մասին, իսկ Օպերատորը պետք է շուտափույթ գործողություններ ձեռնարկի` Բաժանորդի պատշաճ ծանուցումը ստանալու պահից 24 (քսանչորս) ժամվա ընթացքում SIM-քարտի սպասարկումը դադարեցնելու ուղղությամբ: Բաժանորդը կրում է SIM-քարտի կորստյան, հափշտակման, վնասման (այդ թվում` բնական մաշվածության) հետ կապված ռիսկերը: Մինչև SIM-քարտի սպասարկումը դադարեցնելը դրա տիրապետողին մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները գանձվում են Բաժանորդից:
6.4 Օպերատորը կարող է գանձել վճար կասեցված Ծառայությունները վերականգնելու, անջատված SIM-քարտը վերամիացնելու, կորցրած/հափշտակված կամ փչացած SIM-քարտը նոր SIM-քարտով փոխարինելու համար:
6.5 Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ Ծառայությունների համար գանձվող գումարները կարող են Անձնական Հաշվում արտացոլվել ուշացումով (օրինակ` ռոումինգի ծառայությունների համար):
6.6 Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
6.7 Կանխավճարային բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից`
6.7.1 Ծառայությունները մատուցվում են Անձնական Հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում.
6.7.2 Օպերատորը սեփական հայեցողությամբ կարող է ապառիկ հիմունքներով Ծառայություններ մատուցել Բաժանորդին, և նման Ծառայություններից օգտվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում մարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները.
6.7.3 Մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական Հաշվի մնացորդից, և Օպերատորն ապահովում է հնարավորություն Անձնական Հաշվի մնացորդն էլեկտրոնային կամ այլ եղանակով ստուգելու համար.
6.7.5 Բաժանորդը պարտավոր է սպասարկման պլանով նախատեսված ժամկետներում կատարել կանխավճար («լիցքավորել» SIM-քարտը) և այլ կիրառելի վճարումներ.
6.7.6 Անձնական Հաշվի վրա միջոցների բացակայության դեպքում` Օպերատորը կարող է առանց ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը.
6.7.7 սպասարկման պլանով նախատեսված ժամկետում Անձնական Հաշվի մնացորդի համալրմանն ուղղված վճարում չստանալու դեպքում, ինչպես նաև անկախ պատճառներից` ելքային հաղորդակցությունների ավելի քան 180 օրվա ընթացքում անընդմեջ արգելափակված լինելու դեպքում` Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ, առանց որևէ ծանուցման, SIM-քարտի սպասարկման դադարեցման միջոցով լուծել Պայմանագիրը.
6.7.8 կանխավճարների ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով, Օպերատորը կարող է թողարկել կանխավճարային (լիցքավորման) քարտեր կամ թույլատրել վճարման այլ եղանակներ.
6.7.9 կանխավճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծառայությունների մատուցումը հնարավոր չէ:
6.7.10 Եթե Բաժանորդն իր կանխավճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարներից որևէ մեկի մասով փաստացի մատուցված Ծառայությունների դիմաց առաջացած պարտքը սահմանված ժամկետում չի վճարել, ինչի արդյունքում տվյալ Հեռախոսի Համարին Ծառայությունների մատուցումն Օպերատորի կողմից ամբողջապես կասեցվել է, ապա Օպերատորը կարող է առանց Բաժանորդին նախապես ծանուցելու վերը նշված ժամկետանց պարտքը մարել Բաժանորդի՝ տվյալ պահին գործող մեկ այլ կանխավճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի հաշվին առկա գումարով:
6.8 Հետվճարային (ապառիկ) բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից`
6.8.1 Օպերատորը պարտավոր է Բիլինգային Համակարգի տվյալների հիման վրա պատրաստել ամսական ամփոփ հաշիվներ և դրանք հասանելի դարձնել համապատասխան սպասարկման կենտրոնների համար մինչև հաջորդ ամսվա 5‑րդ օրը.
6.8.2 հաշիվները կարող են դուրս գրվել և պահվել էլեկտրոնային տեսքով.
6.8.3 սպասարկման պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից պատվիրված լինելու դեպքում` ամփոփ հաշիվները փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին.
6.8.5 Վճարման պարտավորությունը համարվում է կատարված այն պահին, երբ վճարված գումարը հանձնվում է Օպերատորի դրամարկղ կամ` մուտքագրվում Օպերատորի բանկային հաշվին: Բանկային վճարումները, ինչպես նաև Օպերատորի գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը.
6.8.6 Բաժանորդը պարտավոր է ժամանակին կատարել վճարումները` անկախ վճարման եղանակից, առաքված ամսական հաշվի ստացման փաստից, և հաշվի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հանգամանքից.
6.8.7 Վճարում կատարելիս` Բաժանորդը պարտավոր է վճարման փաստաթղթում ճշգրիտ նշել իր հեռախոսի համարը, ինչպես նաև բիլլինգային հաշվարկային փաստաթղթի կամ հարկային հաշվի համարը.
6.8.8 Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և, մասնավորապես, Բաժանորդի` վարկային պատմության ոչ բավարար լինելու դեպքում, կիրառել օգտագործման սահմանափակումներ.
6.8.9 Բաժանորդը կարող է ուղղակի պարտագրման պայմանավորվածություններ ձեռք բերել Օպերատորի կողմից ընդունելի բանկի հետ, որով կլիազորի Օպերատորին գանձել ամսական հաշիվները Բաժանորդի բանկային հաշվից կամ վարկային քարտից և ստանալ տեղեկատվություն գանձված գումարների կամ գումարն ամբողջությամբ գանձելու անհնարինության մասին.
6.8.10 Վճարումները սահմանված ժամկետում չստանալու և/կամ նախատեսված սահմանափակումները գերազանցելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Վճարումը սահմանված ժամկետից հետո 10 (տասը) օրվա ընթացքում չստանալու դեպքում` Օպերատորն ամբողջությամբ կասեցնում է Ծառայությունները:
6.8.11 Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում` Պայմանագիրը կհամարվի լուծված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը մինչև Ծառայությունների ամբողջությամբ կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար (այդ թվում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները)` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից.
6.8.12 եթե Բաժանորդն օգտվում է մեկից ավելի Հեռախոսի Համարներից և սահմանված ժամկետում ամբողջությամբ չի վճարել որևէ Հեռախոսի Համարի ամսական հաշիվը, ապա Օպերատորը կարող է կիրառել 6.8.10 և 6.8.11. կետերում նշված միջոցները Բաժանորդի բոլոր Հեռախոսի Համարների նկատմամբ.
6.8.13 Եթե Բաժանորդն իր հետվճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարներից որևէ մեկի մասով փաստացի մատուցված Ծառայությունների դիմաց առաջացած պարտքը սահմանված ժամկետում չի վճարել, ինչի արդյունքում տվյալ Հեռախոսի Համարին Ծառայությունների մատուցումն Օպերատորի կողմից ամբողջապես կասեցվել է կամ այդ Հեռախոսի Համարի մասով Պայմանագիրը լուծվել է, ապա Օպերատորը կարող է առանց Բաժանորդին նախապես ծանուցելու վերը նշված ժամկետանց պարտքը փոխանցել Բաժանորդի՝ տվյալ պահին գործող մեկ այլ հետվճարային բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի հաշվին, որն այնուհետև ենթակա կլինի վճարման գործող բաժանորդագրության ընթացիկ պարտքի հետ միասին: Նշված ժամկետանց պարտքն ընթացիկ պարտքի հետ միասին սահմանված ժամկետում չվճարելու դեպքում գործող բաժանորդագրությամբ Հեռախոսի Համարի նկատմամբ կկիրառվեն 6.8.10 և 6.8.11 կետերում նշված միջոցները.
6.8.14 Օպերատորն իրավունք ունի օգտագործել Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարը` Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար.
6.8.15 Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ԱՄՆ դոլարով ինդեքսավորել ժամկետանց վճարումների գումարները:
7 Բաժանորդի տվյալները
7.1 Բաժանորդը պարտավոր է Օպերատորի պահանջով և Օպերատորի կողմից ընդունելի եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
7.1.1 ֆիզիկական անձը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ.
7.1.2 իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով (եթե իրավաբանական անձը ունի կնիք), և իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը.
7.2 անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված անձի ստորագրությամբ, և անձը հաստատող փաստաթուղթը:
7.3 Անհրաժեշտության դեպքում Օպերատորը կարող է Բաժանորդից պահանջել նաև այլ փաստաթղթեր կամ փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճեններ:
7.4 Եթե փաստաթղթերի տրամադրումը պահանջվել է Օպերատորի կողմից, ապա դրանցով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 1 (մեկ) ամսվա ընթացքում հայտնել Օպերատորին:
7.5 Օպերատորը պարտավոր չէ վերականգնել կորցրած/հափշտակված SIM-քարտը կամ SIM-քարտին վերագրված Հեռախոսի Համարը, եթե Օպերատորի մոտ Բաժանորդի անձնական տվյալների հաշվառված չլինելու պատճառով հնարավոր չէ հաստատել Բաժանորդի ինքնությունը:
7.6 ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին Բաժանորդի կողմից կատարվող կանչի դեպքում հաճախորդի կողմից ծառայության օգտագործման վայրի վերաբերյալ տեղեկությունները (Բաժանորդի տեղորոշում) և Բաժանորդի անձնական տվյալները Օպերատորի կողմից փոխանցվում են համապատասխան ծառայության տվյալների կենտրոնին՝ վերջինիս հարցման հիման վրա:
8 Անձնական տվյալներ մշակելու համաձայնությունը ստանալու նպատակով անձնական տվյալների սուբյեկտին (Բաժանորդին) ներկայացվող ծանուցումը և Բաժանորդի համաձայնությունը
8.1. Օպերատորի կողմից Բաժանորդին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, Օպերատորի տեղեկատվական շտեմարաններ վավեր տվյալներ մուտքագրելու, շտեմարաններում առկա տվյալներն արդիականացնելու և ճշգրտելու, շտեմարաններում առկա տվյալների միջոցով ապանձնավորված վերլուծություններ իրականացնելու, մատուցվող ծառայությունների հետ կապված խարդախության դեպքերը կանխելու/բացահայտելու նպատակով Օպերատորին անհրաժեշտ է մշակել, ներառյալ՝ հավաքել, ամրագրել, մուտքագրել, համակարգել, կազմակերպել, պահպանել, օգտագործել, վերափոխել, վերականգնել, փոխանցել, ուղղել կամ այլ կերպ մշակել Բաժանորդի անձնական տվյալները:
8.2.Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը սույն ծանուցման հիման վրա անձնական տվյալների սուբյեկտի՝ Բաժանորդի գրավոր համաձայնությունն է:
8.3.Մշակման ենթակա անձնական տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, անձնագրային տվյալներ (ներառյալ՝ անձը հաստատող ոչ վավեր փաստաթղթերի տվյալներ), ռեզիդենտություն, հաշվառման հասցե, կոնտակտային տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ, մահվան ամսաթիվ (հնարավոր խարդախության դեպքերի կանխման շրջանակում անձի մահացած չլինելու փաստը հաստատելու նպատակով), արգելանքներ և բռնագանձումներ (առկայության դեպքում):
8.4.Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողություններ. Պայմանագրի կնքման շրջանակում Բաժանորդի կողմից Օպերատորին փոխանցվող, ինչպես նաև Օպերատորի հարցման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերից Օպերատորին փոխանցվող՝ սույն ծանուցման 8.3 կետում նշված կրիպտավորված անձնական տվյալները մշակվում են Օպերատորի՝ տեղեկատվական անվտանգության ISO 27001 ստանդարտի պահանջներին համապատասխանող համակարգերում՝ Պայմանների 8.1. կետում նշված եղանակներով և նույն կետում նշված նպատակներն իրականացնելու համար:
8.5. Անձնական տվյալները կարող են փոխանցվել 3-րդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
8.6.Բաժանորդն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, Օպերատորից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար:
8.7.Սույն ծանուցման հիման վրա Բաժանորդի համաձայնության գործողության ժամկետը. համաձայնությունը գործելու է Օպերատորի և Բաժանորդի միջև պայմանագրային հարաբերությունների տևողության, ինչպես նաև փաստաթղթերի արխիվացման ամբողջ ժամկետի ընթացքում: Բաժանորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ կանչելու իր համաձայնությունը, ինչի արդյունքում Օպերատորի և բաժանորդի միջև գործող իրավահարաբերությունները կարող են վերանայվել:
8.8.Պայմանների 1.3. կետում նշված կարգով Օպերատորի և Բաժանորդի միջև Պայմանագիր կնքելով, ինչպես նաև փոփոխված Պայմանները 1.4. կետով սահմանված կարգով Բաժանորդի կողմից ամբողջապես ակցեպտավորելով՝ Բաժանորդը տալիս է Պայմանների 8.1. - 8.7. կետերով ներկայացված ծանուցման համաձայն իր անձնական տվյալներն Օպերատորի կողմից մշակելու անվերապահ համաձայնությունը:
9 Պատասխանատվություն
9.1 Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:
9.2 Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:
9.3 Ցանկացած պարագայում, Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն հաշվարկված գումարը:
10 Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)
Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու դեպքում, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:
11 Կիրառվող օրենսդրությունը
Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերով:
12 Պայմանագրի լեզուն
Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Բաժանորդի հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև կիրառվող սակագները և կանոնները կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով, սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
13 Բողոքների ներկայացման և վեճերի լուծման կարգը
13.2 Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում` Բաժանորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի սպասարկման կենտրոններ կամ զանգահարելով Օպերատորի «թեժ-գիծ»շուրջօրյա ծառայությանը: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն ընդունում է բողոքների և առաջարկությունների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են սպասարկման կենտրոններում և տեղադրվում Օպերատորի վեբ-կայքում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված ժամկետներում և կարգով: Բաժանորդի պահանջով գրավոր բողոքներին և առաջարկություններին պետք է տրվի գրավոր պատասխան:
13.3 Բաժանորդի և Օպերատորի միջև վեճերն ենթակա են լուծման դատական կարգով: Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծման համար դիմել 15-րդ կետում նշված Օպերատորի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի դատարաններին:
14 Գործողության ժամկետը և Պայմանագրի պայմանների փոփոխումը
14.2 Սույն Պայմանների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սպասարկման պլանները և Ծառայությունների մատուցման այլ պայմանները և կանոնները մնում են ուժի մեջ:
14.3 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
14.4 Բաժանորդն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը` այդ մասին առնվազն 5 (հինգ) օր առաջ կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Օպերատորին և կատարելով վերջնահաշվարկ փաստացի մատուցված Ծառայությունների համար:
14.5 Օպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը` Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում, ինչպես նաև օրենքով, Պայմանագրով, սպասարկման պլանով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններով նախատեսված դեպքերում:
14.6 Պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է անհապաղ մարել բոլոր պարտավորությունները Օպերատորի նկատմամբ:
14.7 Պայմանագրի լուծման հետևանքով և/կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով Հեռախոսի Համարի ազատման դեպքում` Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ օգտագործել այն:
14.9 Պայմանագրի 14.8 կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում` Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել Պայմանագիրը` մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
ՀՎՀՀ 01551651, Հ/հ 1930004268280100 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում
Վեբ-կայք` www.mts.am
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: