Պայմանագիր
1.1. Սույն Պայմանները սահմանում են «Viva» եւ այլ ապրանքային նշանների ներքո գործող «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ստորեւ՝ «Օպերատոր») կողմից մատուցվող տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության Ծառայությունները, դրանց միացման կարգը, մատուցման կարգը եւ պայմանները, դրանց առնչվող Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Կողմերի պատասխանատվությունը պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչպես նաեւ Ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման կարգը:
1.2. Սույն պայմանները հանդիսանում են Կողմերի միջեւ Ծառայություններին առնչվող ցանկացած փաստաթղթի (միացման հայտի, բաժանորդագրության հայտի, դրանց փոփոխության, լրացման որեւէ լրացուցիչ համաձայնագրի եւ այլն) անբաժանելի մասը:
Սահմանումներ
Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետեւյալ նշանակությունը.
ԸՊ՝ Սույն ընդհանուր պայմաններ,
Հաճախորդ՝ Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որին Ծառայության մատուցումը հնարավոր է տեխնիկապես, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետում եւ ծախսով եւ որը ստորագրել է ԾՄՊ,
Ծառայություն՝ ԾՄՊ-ով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն(ներ),
Ծառայությունների մատուցման պայմանագիր կամ ԾՄՊ՝ Օպերատորի եւ Հաճախորդի միջեւ կնքված Ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագիր, որի անբաժանելի մասն է կազմում ԸՊ-ն: ԾՄՊ-ի (որն իրենից ներկայացնում է Օպերատորի կողմից սահմանված նմուշի պայմանագիր) ստորագրմամբ Հաճախորդն ընդունում է դրանով նախատեսված Ծառայություն(ներ)ը եւ սույն ԸՊ-ի պայմանները,
Սարքավորում՝ Ցանցին միանալու համար անհրաժեշտ ակտիվ սարքավորում (փոխարկիչ, մոդեմ, ուղղորդիչ) եւ (կամ) պասիվ Սարքավորում (պորտ, կոնտակտոր, եւ այլն), որոնք տեղադրվում են Հաճախորդի տարածքում,
Վերջնակետային սարքավորում՝ Հաճախորդին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող ցանկացած սարք, որը միացված է Սարքավորմանը,
Չլիազորված օգտագործող՝ Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ եւ/կամ ֆիզիկական անձ, ով օգտվում է Հաճախորդին մատուցվող Ծառայություններից Հաճախորդի տարածքից (որտեղ տեղադրված է Սարքավորումը) դուրս,
Չլիազորված օգտագործում՝ Ծառայության օգտագործում Չլիազորված օգտագործողի կողմից,
Ծառայությունների ակտիվացման ամսաթիվ՝ Յուրաքանչյուր Ծառայության ակտիվացման ամսաթիվ, որը հաստատվում է Կողմերի միջեւ ստորագրված Ծառայությունների ակտիվացման մասին համապատասխան ակտի ստորագրմամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ Պայմանագրի ստորագրմամբ,
Ցանց՝ Մալուխով եւ (կամ) ռադիոփոխանցման միջոցով միացում էլեկտրոնային հաղորդակցության միացման ենթակառուցվածքներին՝ Ծառայության մատուցման նպատակով,
Օպերատորի ցանցային տիրույթ՝ Հաճախորդի տարածքում տեղադրված Սարքավորման եւ միացման պորտերի այն համամասնությունը, որը սպասարկվում է Օպերատորի կողմից,
Միացման կետ՝ Հաճախորդին Ծառայության մատուցման վայր,
Օր՝ Օրացուցային օր,
Կողմ՝ Օպերատորը կամ Հաճախորդը առանձին հիշատակման դեպքում,
Կողմեր՝ Օպերատորը եւ Հաճախորդը համատեղ հիշատակման դեպքում,
Վերջին մղոն՝ Ցանցի հեռավորությունը Ցանցի հիմքի (Մոտակա հանգույց) եւ Հաճախորդի տարածքի միջեւ:
Ծառայություններ
3.1. Օպերատորը Ծառայությունը մատուցում է մալուխով կամ ռադիոփոխանցման միջոցով Սարքավորման հետ համատեղ կամ առանց դրա, եւ մատուցվող Ծառայության արագությունը չափվում է Մբիթ/վրկ-ներով: Յուրաքանչյուր առանձին Ծառայության մատուցման պայմանները սահմանվում են ԾՄՊ-ով եւ Օպերատորի կողմից սահմանված Ծառայության մատուցման ընթացակարգերով:
3.2. Այն դեպքում, երբ Ծառայությունը մատուցվում է Օպերատորի կողմից տրամադրվող մալուխով, մալուխը ավարտվում է Հաճախորդի տարածքում՝ վերջինիս կողմից նշված վայրում: Հաճախորդը պատասխանատու է մալուխի՝ Հաճախորդի տարածք (շենք/շինություն, որտեղ գտնվում է Հաճախորդի տարածքը) մտնելու եւ նշված տարածքում մալուխի անցկացման թույլտվությունների ձեռքբերման համար, եթե այդպիսիք անհրաժեշտ են եւ/կամ հակառակը սահմանված չէ ԾՄՊ-ով:
3.3. Հաճախորդը հնարավորություն ունի կապի մեջ լինել Օպերատորի հաճախորդների սպասարկման բաժնի հետ էլեկտրոնային փոստի եւ հեռախոսակապի միջոցով:
3.4. Հաճախորդը կարող է օգտվել Օպերատորի՝ Բաժանորդների սպասարկման բաժնի ծառայություններից օրվա ցանկացած ժամին՝ զանգահարելով +374 60 610000 հեռախոսահամարին:
3.5. Հաճախորդի հիմնավորված պահանջով Օպերատորը կարող է նրան տրամադրել IP հասցեներ Ծառայությունից օգտվելու համար: IP հասցեները տրամադրվում են Օպերատորի կողմից սահմանված կարգով եւ գնացուցակին համապատասխան: IP հասցեի դիմաց վճարումը կատարվում է Ծառայության համար կատարվող վճարման սկզբունքով:
3.6. Ծառայությունը մատուցվում է ԾՄՊ-ով նախատեսված ժամկետում: Եթե ԾՄՊ-ն կնքվել է որոշակի ժամկետով, ապա դրանով նախատեսված ժամկետի ավարտից հետո այն համարվում է կնքված անորոշ ժամկետով, եթե Կողմերից մեկը 30 (երեսուն) օր առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում ժամկետը լրանալու կապակցությամբ դրանից միակողմանի լուծելու իր մտադրության մասին:
3.7. Ծառայությունը ակտիվանում է Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան: Օպերատորը Ծառայությունների ակտիվացման ամսաթվի մասին տեղեկացնում է Հաճախորդին գրավոր եղանակով (էլ. նամակ, կարճ հաղորդագրություն եւ այլն): Ծառայության ակտիվացման առաջին օր է համարվում ծանուցման մեջ նշված օրը:
3.8. Օպերատորն իրավունք ունի սահմանափակել Ծառայության մատուցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Եթե սահմանափակումն իրականացվում է այն հանգամանքների պատճառով, որոնք առաջացել են Հաճախորդի մեղքով, ապա սահմանափակման կիրառման ընթացքում հաշվեգրված եւ վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:
Սարքավորում
4.1. Օպերատորի կողմից տրամադրվող Սարքավորումը եւ մալուխը եւ դրանց պատկանելիքներն ու մասերը եւ (կամ) դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխություն եւ (կամ) վերանորոգում, եթե այլ բան գրավոր ձեւով համաձայնեցված չէ Կողմերի միջեւ, համարվում է Օպերատորի սեփականությունը: ԾՄՊ-ի լուծման դեպքում Սարքավորումը եւ մալուխը վերադարձվում են Օպերատորին՝ անկախ դրա լուծման պատճառ(ներ)ից` իրենց սկզբնական վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:
4.2. Սարքավորումը եւ մալուխը հանձնվում են Հաճախորդին եւ վերադարձվում են Օպերատորին՝ Կողմերի միջեւ կնքված հանձնման-ընդունման ակտով:
4.3. Այն դեպքում, երբ Օպերատորի կողմից տրամադրված Սարքավորումը եւ (կամ) Հաճախորդի տարածքում գտնվող եւ Օպերատորին պատկանող մալուխը վնասված է կամ բացակայում է, Հաճախորդը պարտավոր է հատուցել դրա արդյունքում Օպերատորին պատճառված վնասը: Սարքավորման համար փոխհատուցման արժեքը որոշվում է դրա համար ԾՄՊ-ով սահմանված գումարին համապատասխան: Վնասված մալուխի համար Հաճախորդը պարտավոր է վճարել այն վերականգնելու աշխատանքների համար ծախսված գումարը, որը կազմում է յուրաքանչյուր մեկ ժամի համար 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, եւ մալուխը վերականգնելու համար օգտագործված նյութերի արժեքը, իսկ այն դեպքում, երբ մալուխը բացակայում է, Հաճախորդը աշխատանքների վճարից բացի պարտավոր է վճարել բացակայող մալուխի յուրաքանչյուր մետրի համար 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
4.4. Հաճախորդը պարտավոր է վճարել Օպերատորի կողմից իրեն տրամադրված եւ ԾՄՊ-ի լուծումից հետո իր կողմից Օպերատորին չվերադարձված յուրաքանչյուր Սարքավորման համար:
4.5. Որոշակի Սարքավորումների վրա Օպերատորը կարող է դնել կապարակնիք: Այդ դեպքում Հաճախորդն իրավունք չունի հեռացնել այն: ԾՄՊ-ի լուծման դեպքում Հաճախորդը պարտավոր է վերադարձնել Սարքավորումը իր վրա տեղադրված չվնասված եւ ամբողջական կապարակնիքով: Վերոնշյալ պարտականության չկատարման դեպքում Օպերատորն իրավունք ունի պահանջել Հաճախորդին վճարելու այն Սարքավորման համար, որի կապարակնիքը հեռացվել կամ վնասվել է:
4.6. Հաճախորդն ունի իր սեփական Սարքավորմամբ Ծառայություններ ստանալու իրավունք, եթե այն Օպերատորի կողմից համարվում է պատշաճ:
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
5.1. Հաճախորդն իրավունք ունի.
5.1.1. Ցանցի միջոցով իրականացվող էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության,
5.2. Հաճախորդը պարտավոր է.
5.2.1. Ապահովել էլեկտրական հոսանք Օպերատորի կողմից տրամադրվող Սարքավորման համար,
5.2.2. Ապահովել չընդհատվող էլեկտրաէներգիայի սնուցում Սարքավորման համար,
5.2.3. Ողջամիտ ժամկետում տրամադրել տեղեկատվություն Վերջնակետային սարքավորման տեսակի եւ համապատասխան ինտերֆեյսի տվյալների վերաբերյալ՝ հնարավորություն ստեղծելով Ծառայության մատուցման համար,
5.2.4. Օգտագործել Ծառայությունը միայն ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով չարգելված նպատակներով,
5.2.5. Պաշտպանել իր ցանցը օնլայն ներխուժումներից եւ վնասակար բովանդակությամբ նյութերից, ներառյալ՝ համակարգչային վիրուսներից: Օպերատորը միջոցներ է ձեռնարկում Ցանցի պաշտպանվածությունը ապահովելու համար, սակայն Հաճախորդը չպետք է դա համարի բավարար՝ չձեռնարկելով համապատասխան միջոցներ իր ներքին ցանցը եւ իր Վերջնակետային սարքավորումները պաշտպանելու համար: Օպերատորը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից իր ներքին ցանցը եւ Վերջնակետային սարքավորումները չպաշտպանելու արդյունքում Հաճախորդին պատճառված վնասի համար,
5.2.6. Հաճախորդը երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության օգտագործումը չի խախտի ՀՀ օրենսդրությունը, իր կանոնադրությունը, իրեն տրամադրված լիցենզիայի պայմանները (եթե գործունեությունը լիցենզավորվող է) եւ ԾՄՊ-ն,
5.2.7. Հաճախորդը պարտավոր է ապահովել, որ որեւէ երրորդ անձ հնարավորություն չստանա օգտվել Օպերատորի կողմից Հաճախորդին մատուցվող Ծառայությունից:
5.3. Օպերատորն իրավունք ունի.
5.3.1. Ստանալ վճարում մատուցված Ծառայության դիմաց,
5.3.2. Անարգել մուտք գործել Հաճախորդի տարածք աշխատանքային ժամերին եւ Օպերատորի պահանջով՝ մնացած ժամանակ: Եթե համապատասխան մուտքի իրավունք չի տրամադրվել, ապա Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայության հնարավոր չմատուցման կամ վատթարացման համար:
5.4. Օպերատորը պարտավոր է.
5.4.1. Ընդլայնել նոր միացման ցանցը մինչեւ Հաճախորդի տարածքը, եթե դա կարող է կատարվել ողջամիտ ժամկետում եւ գնով,
5.4.2. Հնարավորության դեպքում` տեղեկացնել (էլ. նամակ, կարճ հաղորդագրություն, հեռախոսազանգ եւ այլն) Հաճախորդին իր կողմում տեխնիկական անսարքության պատճառով առաջացած Ծառայության ընդհատման մասին,
5.4.3. Ողջամիտ ժամկետում վերացնել ի հայտ եկած սխալներն ու անսարքությունները,
5.4.4. Երաշխավորել Հաճախորդի տեղեկությունների եւ հաղորդագրությունների գաղտնիությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Գինը եւ վճարման կարգը
6.1. Հաճախորդը վճարում է Ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար միացման միանվագ վճար՝ ըստ Օպերատորի գնացուցակի:
6.2. Ծառայության գինը սահմանվում է ԾՄՊ-ում: Ամեն դեպքում, Օպերատորն իրավունք ունի ԾՄՊ-ի գործողության ընթացքում փոփոխել գնացուցակը՝ Ծառայության գինը ավելացնելով կամ նվազեցնելով: Ծառայության գնի ավելացման մասին Օպերատորը պարտավոր է Հաճախորդին տեղեկացնել փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 1 (մեկ) ամիս առաջ: Եթե Հաճախորդը համաձայն չի ավելացված գնով Ծառայություն ստանալու հետ, ապա իրավունք ունի միակողմանի լուծել ԾՄՊ-ն՝ փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 20 (քսան) օր առաջ այդ մասին գրավոր ծանուցելով Օպերատորին: Այդ դեպքում կիրառվում են սույն ԸՊ-ով նախատեսված Ծառայություններից միակողմանի լուծման հետեւանքները, բացառությամբ սույն ԸՊ-ի 9.2. կետով սահմանված կարգավորումների: Ծառայության գնի փոփոխությունն ուժի մեջ է մտնում Օպերատորի կողմից նշված ժամկետում:
6.3. Ամսական Ծառայության համար վճարումը կատարվում է հետվճարային սկզբունքով՝ բանկային փոխանցման միջոցով: Հաճախորդը յուրաքանչյուր ամսվա համար վճարումները պետք է կատարի մինչեւ հաջորդող ամսվա 25-ը: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով:
6.4. Օպերատորը պարտավոր է մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 7-րդ (յոթերորդ) օրը դուրս գրել նախորդ ամսվա ընթացքում Հաճախորդին մատուցված Ծառայության վերաբերյալ հարկային հաշիվ, որը ենթակա է հաստատման մինչեւ հաջորդող ամսվա 14-ը (տասնչորսը):
6.5. Հաստատված հաշիվը հավաստում է նշված ամսվա համար մատուցված Ծառայությունների ընդունումը:
6.6. Օպերատորը Հաճախորդից Ծառայության մատուցման համար վճար գանձում է Ծառայությունների մատուցման առաջին օրից սկսած:
Ծառայության մատուցման կասեցումը
7.1. Օպերատորը կասեցնում է Ծառայության մատուցումը, եթե Հաճախորդը ժամանակին չի վճարել Ծառայության համար՝ դրանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ էլ. փոստի կամ բջջային համարի միջոցով տեղեկացնելով Հաճախորդին, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
7.2. Եթե Օպերատորի մեղքով պայմանավորված Ծառայությունների կասեցումը մեկ ամսվա ընթացքում տեւում է 24 (քսանչորս) ժամ և ավելի, ապա Օպերատորը պարտավոր է նվազեցնել Ծառայությունների մատուցման գումարը՝ հաշվի առնելով կասեցման ժամանակահատվածը: Այդ դեպքում հաշվարկները կատարվում են ամիսը դիտարկելով որպես օրացուցային ամիս: Կասեցման ժամանակահատվածի, ինչպես նաեւ Ծառայությունների մատուցման գումարի նվազեցման չափի մասին Հաճախորդին ուղարկվում է հաղորդագրություն՝ էլ. փոստի կամ բջջային համարի միջոցով:
7.3. Պայմանագիրը կհամարվի լուծված առանց որեւէ ծանուցման անհրաժեշտության, եթե Հաճախորդը մինչեւ Ծառայությունների կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին կասեցված Ծառայությունները վերականգնելու համար (այդ թվում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները)` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից:
ԾՄՊ-ի միակողմանի լուծումը
8.1. Միակողմանի լուծումը Օպերատորի կողմից
8.1.1. Օպերատորն իրավասու է միակողմանի լուծել ԾՄՊ-ն, եթե՝
8.1.1.1. Հաճախորդը ցանցին է միացրել չսերտիֆիկացված Վերջնակետային սարքավորումներ,
8.1.1.2. Հաճախորդը չի վճարել Ծառայության համար 30 (երեսուն) օր շարունակ, սկսած այն օրվանից, երբ սույն ԸՊ-ով սահմանված կարգով պետք է կատարեր վճարումը,
8.1.1.3. Հաճախորդի կողմից ֆիզիկական կամ տեխնիկական վնաս է հասցվել Ցանցին,
8.1.1.4. Հաճախորդը խախտել է ԾՄՊ-ով նախատեսված իր պարտականությունները եւ չի վերացրել իր կատարած խախտումները այդ մասին գրավոր ծանուցում ստանալու պահից 5-օրյա (հնգօրյա) ժամկետում,
8.1.1.5. Հաճախորդը հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները անհաղթահարելի ուժի հետեւանքով եւ անհաղթահարելի ուժի ազդեցությունը տեւել է առնվազն 30 (երեսուն) օր,
8.1.1.6. Օպերատորը համաձայնվել է մատուցել Ծառայություն, սակայն ԾՄՊ-ի ուժի մեջ մտնելուց հետո ակնհայտ է դառնում, որ Ծառայությունը չի կարող մատուցվել իր համար ողջամիտ ժամկետում եւ ծախսով:
8.2. Միակողմանի լուծումը Հաճախորդի կողմից
8.2.1. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն լուծել անորոշ ժամկետով կնքված ԾՄՊ-ն՝ այդ մասին 30 (երեսուն) օր առաջ գրավոր տեղեկացնելով Օպերատորին:
8.2.2. Հաճախորդը կարող է միակողմանիորեն լուծել ԾՄՊ-ն՝ այդ մասին առնվազն 5 (հինգ) օր առաջ գրավոր տեղեկացնելով Օպերատորին, եթե՝
8.2.2.1. Օպերատորը խախտել է ԾՄՊ-ով նախատեսված իր պարտականությունները եւ չի վերացրել իր թույլ տված խախտումները այդ մասին գրավոր ծանուցում ստանալու պահից 15-օրյա (տասնհինգօրյա) ժամկետում,
8.2.2.2. Օպերատորը հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները անհաղթահարելի ուժի հետեւանքով, եւ անհաղթահարելի ուժի ազդեցությունը տեւել է առնվազն 30 (երեսուն) օր:
Միակողմանի լուծման հետեւանքները
9.1. Սույն ԸՊ-ի 8.1.1.5., 8.1.1.6. եւ 8.2.2. կետերի հիման վրա ԾՄՊ-ի լուծման դեպքում Հաճախորդը պարտավոր է վճարել Օպերատորին ԾՄՊ-ին համապատասխան վճարման ենթակա գումարը մինչեւ ԾՄՊ-ի լուծման պահը մատուցված Ծառայության դիմաց, իսկ Օպերատորը պարտավորվում է Հաճախորդին վերադարձնել մինչեւ լուծման պահը Հաճախորդի կողմից որպես կանխավճար վճարված գումարի այն մասը, որի դիմաց Հաճախորդը ծառայություն չի ստացել, եթե այդպիսիք առկա են:
9.2. ԾՄՊ-ի գործողության առաջին տարվա ընթացքում դրա՝ Հաճախորդի մեղքով (8.1.1.1. – 8.1.1.4.) կամ Հաճախորդի կողմից իր նախաձեռնությամբ (8.2.1.) լուծվելու դեպքում Հաճախորդն ի հավելումն մինչեւ լուծման պահը փաստացի մատուցված Ծառայությունների գումարին, պարտավոր է վճարել տուգանք Ծառայության մեկ ամսվա վճարի չափով, բայց ոչ պակաս քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
9.3. ԾՄՊ-ի լուծմամբ դադարում է Ծառայության մատուցումը Հաճախորդին: Հաճախորդի պարտականությունը Օպերատորի նկատմամբ դադարում է վճարման պարտականությունները կատարելու եւ Օպերատորին պատկանող Սարքավորումը վերադարձնելու պահից:
9.4. ԾՄՊ-ի լուծման դեպքում Հաճախորդը պարտավոր է Օպերատորի աշխատողներին թույլատրել մուտք գործել իր տարածք՝ Օպերատորի կողմից տրամադրված Սարքավորումը ետ վերցնելու համար:
Ծառայության մատուցման հետ կապված սխալները կամ անսարքությունները
10.1. Մինչեւ որեւէ սխալի կամ անսարքության մասին Օպերատորին տեղեկացնելը, Հաճախորդը պարտավոր է ստուգել իր Վերջնակետային սարքավորումները եւ ներքին ցանցը ու համոզվել, որ սխալը կամ անսարքությունը Օպերատորի պատճառով է: Այն դեպքում, երբ պարզվի, որ սխալի կամ անսարքության համար Օպերատորը պատասխանատու չէ, օրինակ՝ սխալի կամ անսարքության պատճառը Հաճախորդի ներքին ցանցն է կամ այլ իրադարձություն, որը դուրս է Օպերատորի վերահսկողությունից, Օպերատորն իրավունք ունի պահանջել Հաճախորդից հատուցելու Օպերատորի անձնակազմի կողմից Հաճախորդի տարածքում ֆիզիկապես սխալի կամ անսարքության շտկման ուղղված գործողությունների կատարման համար՝ աշխատած յուրաքանչյուր ժամի համար վճարելով 3600 (երեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
10.2. Եթե Հաճախորդը ողջամտորեն ապացուցում է, որ սխալի կամ անսարքության համար Օպերատորն է պատասխանատու, ապա պարտավոր է այդ մասին Օպերատորին անհապաղ տեղեկացնել, որպեսզի վերջինս իրականացնի սխալի կամ անսարքության ուղղում: Եթե սխալի կամ անսարքության մասին Հաճախորդը սույն կետով նախատեսվածից ուշ է հայտնում Օպերատորին, Օպերատորը պատասխանատվություն չի կրում սխալի կամ անսարքության մասին հաղորդելուն նախորդող ժամանակահատվածում Ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ մատուցման համար:
10.3. Եթե Հաճախորդը ինքնակամ է փորձում վերացնել սխալը, առանց իր գործողությունները Օպերատորի հետ համաձայնեցնելու, Օպերատորը պարտավոր չէ փոխհատուցել այդ աշխատանքները կատարելու ընթացքում Հաճախորդի կրած ծախսերը: Այս դեպքում Հաճախորդը պարտավոր է հատուցել իր ջանքերով սխալների վերացման հետ կապված Օպերատորի Սարքավորմանը կամ մալուխին պատճառված վնասը:
10.4. Սխալը կամ անսարքությունը ուղղելու համար Հաճախորդը պարտավոր է թույլատրել Օպերատորի անձնակազմին մուտք գործելու Հաճախորդի տարածք, որտեղ տեղադրված է Սարքավորումը եւ հասանելի դարձնել այն:
10.5. Եթե սխալները կամ անսարքությունը Ցանցում նույն օրացուցային ամսվա ընթացքում շարունակվում են 24 (քսանչորս) ժամ և ավելի, ինչի արդյունքում Հաճախորդը Ծառայություն չի ստանում, Հաճախորդն իրավունք ունի պահանջել Ծառայություն չստանալու ժամկետին համապատասխան նվազեցում՝ սույն ԸՊ-ի 7.2. կետով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ սխալի կամ անսարքության համար Օպերատորը պատասխանատու չէ, օրինակ սխալի կամ անսարքության պատճառը Հաճախորդի ներքին ցանցն է, Հաճախորդի տարածքում էլեկտրաէներգիայի բացակայությունը կամ այլ իրադարձություն, որը դուրս է Օպերատորի վերահսկողությունից:
10.6. Սխալների կամ անսարքության վերացման ծախսերը կրում է Հաճախորդը, եթե դրանք առաջացել են նրա մեղքով:
Պատասխանատվություն
11.1. Օպերատորը պատասխանատվություն է կրում սույն ԸՊ-ի 5.4.4. կետում նախատեսված պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, միայն այն դեպքում, երբ պարտականությունները չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել Օպերատորի դիտավորյալ գործողություններով կամ անգործությամբ:
11.2. Սույն ԸՊ-ի 5.2.1. – 5.2.2. կետերում սահմանված պարտականությունները Հաճախորդի կողմից չկատարելու դեպքում Օպերատորը պատասխանատվություն չի կրում կապի ժամանակավոր բացակայության համար, որն առաջացել է անկայուն էլեկտրաէներգիայի սնուցման, էլեկտրաէներգիայի տատանման եւ համանման այլ դեպքերի պատճառով:
11.3. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Հաճախորդին Ծառայություն չմատուցելու հետեւանքով պատճառված ուղղակի կամ անուղղակի վնասի եւ բաց թողնված օգուտի համար: Անկախ վերը նշվածից, Կողմերը սահմանում են, որ ցանկացած դեպքում ԾՄՊ-ի շրջանակներում Օպերատորի պատասխանատվությունը հանրագումարային հաշվարկով չի կարող գերազանցել Ծառայության համար վճարվող ամսական գումարի 10 (տասը) տոկոսը, բայց ոչ ավելի քան 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը:
11.4. Օպերատորը պատասխանատվություն է կրում Հաճախորդի գույքին տեղադրումների կամ աշխատանքների կատարման արդյունքում անփութությամբ պատճառված վնասի համար: Պատասխանատվությունը չի ներառում այն դեպքերը, երբ շենքի պատերին եւ այլ գույքին պատճառվել է այնպիսի վնաս կամ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք բնականորեն տեղի են ունենում մալուխի եւ Սարքավորման տեղադրման արդյունքում:
11.5. Հաճախորդի վճարման պարտավորության կատարման ուշացման համար Օպերատորը կարող է պահանջել Հաճախորդից վճարել տույժ Ծառայության մատուցման համար վճարվող ամսական գումարի 0.07 (զրո ամբողջ յոթ հարյուրերորդական) տոկոսի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Տույժի հաշվարկը սկսվում է այն օրվանից, երբ վճարումը պետք է կատարվեր մինչեւ Օպերատորի կողմից վճարումը ստանալը:
11.6. Սույն ԸՊ-ով նախատեսված գաղտնի տեղեկատվության պահպանման կարգը չպահպանելու համար Կողմերը պարտավոր են միմյանց հատուցել պարտավորության խախտման արդյունքում պատճառված վնասները՝ սույն ԸՊ-ով սահմանված կարգով:
11.7. Օպերատորը վերահսկողություն չի իրականացնում Ցանցով փոխանցվող տեղեկությունների բովանդակության նկատմամբ: Ցանցով ստացված ցանկացած տեղեկություն օգտագործվում է Հաճախորդի ռիսկով եւ պատասխանատվությամբ: Օպերատորը որեւէ պատասխանատվություն չի կրում Ցանցի միջոցով ձեռք բերված տեղեկատվության ճշտության, օրինականության կամ որակի համար:
Փոփոխությունների կատարումը ԸՊ-ում և ԾՄՊ-ում
12.1. Օպերատորն իրավունք ունի միակողմանի փոփոխելու ԸՊ-ի ցանկացած դրույթ այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 10 (տասը) օր առաջ տեղեկացնելով Հաճախորդին կամ հրապարակելով այն իր պաշտոնական կայքում: Այն դեպքում, երբ կատարվում է այնպիսի փոփոխություն, որի հետ Հաճախորդը համաձայն չէ, նա իրավունք ունի միակողմանի լուծել ԾՄՊ-ն՝ սույն ԸՊ-ի 9.1. կետով սահմանված կարգով այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելով Օպերատորին:
12.2. Հաճախորդն իրավունք ունի Օպերատորի համաձայնությամբ փոփոխել իրեն մատուցվող Ծառայությունների ցանկը: Այսպիսի փոփոխությունների մասին նա պարտավոր է Օպերատորին տեղեկացնել փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առնվազն 4 (չորս) շաբաթ առաջ: Փոփոխությունը հաստատվում է երկկողմանի գրավոր համաձայնագրով, որը հանդիսանում է ԾՄՊ-ի անբաժանելի մասը:
12.3. Ցանկացած Հաճախորդ, որը տեղափոխվում է նոր հասցե, իրավունք ունի տեղափոխել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունը նոր հասցե, եթե Օպերատորը տեխնիկապես հնարավոր է համարում այդ հասցեում Ծառայության մատուցումը, եւ դա կարող է կատարվել Օպերատորի համար ողջամիտ ժամկետում եւ ծախսով: Նման փոփոխության վերաբերյալ Հաճախորդը պարտավոր է տեղեկացնել Օպերատորին առնվազն 4 (չորս) շաբաթ առաջ: Այդ դեպքում Ծառայության մատուցումը նոր հասցեում կատարվում է նույն ժամկետում եւ նույն կարգով, ինչ Ծառայության մատուցումը նախկին հասցեում:
12.4. Եթե Օպերատորը տեխնիկապես հնարավոր է համարում Ծառայության տեղափոխումը նոր հասցե, ապա Հաճախորդը նոր հասցեում Ծառայություն ստանալու համար պարտավոր է վճարել միացման միանվագ գումար ըստ Օպերատորի գնացուցակի:
12.5. Եթե տեխնիկապես հնարավոր չէ Ծառայության մատուցումը տեղափոխել նոր հասցե, այդ դեպքում ԾՄՊ-ն լուծվում է սույն ԸՊ-ի 9.2. կետով սահմանված կարգով:
Ծանուցումներ
13.1. Բացառությամբ սույն ԸՊ-ով նախատեսված դեպքերի, Կողմերի ԾՄՊ-ի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող ծանուցումները պատշաճ են համարվում, եթե կատարվել են գրավոր՝ էլ. փոստի, ֆաքսիմիլի կամ նամակի (Օպերատորի դեպքում՝ նաեւ վերջինիս անունից SMS կարճ հաղորդագրության) միջոցով՝ ԾՄՊ-ով սահմանված հասցեներով հայերենով կամ հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Կիրառելի օրենքը / Վեճերի լուծման կարգը
14.1. ԾՄՊ-ն ղեկավարվում եւ մեկնաբանվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Կողմերը բոլոր վեճերը լուծում են բանակցությունների միջոցով, իսկ հաջողության չհասնելու դեպքում՝ դատական կարգով:
Գաղտնի տեղեկատվության պահպանումը
15.1. ԾՄՊ-ն եւ դրա արդյունքում Կողմերից յուրաքանչյուրին հայտնի դարձած, ինչպես նաեւ բանակցությունների ընթացքում մյուս Կողմին հայտնած տեղեկատվությունը համարվում է գաղտնի, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առեւտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն եւ տեղեկատվությունը ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Կողմերն իրավունք չունեն բացահայտել այդպիսի տեղեկատվությունը առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ հետեւյալ դեպքերի՝ (ա) տեղեկատվության բացահայտումը կատարվել է օրենքի պահանջով կամ (բ) սույն կետի համաձայն գաղտնի համարվող տեղեկատվությունը երրորդ անձի կողմից բացահայտման ուժով դառնում է հանրամատչելի:
15.2. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ԶԼՄ-ներով, այլ հրապարակային ձեւով կամ այլ կերպ մյուս Կողմի կամ նրա հետ կնքված ԾՄՊ-ի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել միայն մյուս Կողմի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
16.1. ԾՄՊ-ով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է ԾՄՊ-ն կնքելուց հետո եւ որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, սաբոտաժը, պետական մարմինների ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում ԾՄՊ-ով նախատեսված պարտավորությունների կատարումը:
Լեզուն
17.1. Սույն ԸՊ-ի առաջնային տեքստը կազմվել է հայերեն լեզվով: Դրա այլ լեզուներով տարբերակների եւ հայերեն լեզվով տարբերակի միջեւ որեւէ անհամապատասխանության դեպքում հայերեն լեզվով տարբերակը կունենա գերակայություն:
Պայմաններն ուժի մեջ մտնելը
18.1. Սույն ԸՊ-ն ուժի մեջ է մտնում 01.01.2018 թվականից:
18.2. Սույն ԸՊ-ով սահմանված դրույթները տարածվում են մինչև սույն ԸՊ-ի ուժի մեջ մտնելը Օպերատորի և Հաճախորդի միջև մինչև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
Օպերատորի վավերատարրերը
«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
ՀՎՀՀ 01551651, Հ/հ 1930030289444300 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում
Վեբ-կայք` http://www.viva.am, www.viva.am
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: